Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով լրագրողական կազմակերպությունների պահանջի մասին, որ ինքը պետք է ներողություն խնդրի լրագրողների հետ, տեքստի տակ ստորագրողների ձևակերպմամբ, անբարեկիրթ վերաբերմունքի ու վիրավորելու համար և պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք պահանջը կատարել, նախ ծիծաղեց, ապա նշեց. «Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ հարց եք տալիս Ծառուկյանին»:
Գագիկ Ծառուկյանի խոսքերով, նախ պետք է պահանջել լրագրողներից. «Կարող եք բոլոր տեսանյութերը նայել, Ծառուկյանի կողմից եղել է ջերմ վերաբերմունք: Բայց եթե լրագրողները թույլ են տալիս ոչ սազական բաներ…Ծառուկյանը երբեք վիրավորական բաներ թույլ չի տվել»:
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ իրեն հարցեր են տալիս հունից հանելու համար. «Ես ձեր սաղի ցավը տանեմ, եթե դուք ինձ հարց տաք, ես կպատասխանեմ: Ես որևէ մեկին չեմ ցանկանում վիրավորել: Բայց ամբողջ մի տարվա մեջ երեք հարց եք տալիս՝ անգիր արած: Դուք գիտեք, որ մարդ ա, կարա հունից հելնի: Բայց ես հունից էլ դուրս չեմ գալիս, ես ո՞նց եմ կարողանում ինձ զսպել: Եթե դուք կուլտուրական, տեղը տեղին այսօրվա իրականությունից հարցեր տաք, ես շատ սիրով կպատասխանեմ: Հզոր մարդը երբեք իրեն թույլ չի տալիս վիրավորել: Ես չեմ վիրավորում»: