Հասարակություն 

Արգիճի ՀԷԿ-ը՝ Վերին և Ներքին գետաշենցիների «սիրո եռանկյունում» /Լուսանկարներ/

2008-19 թ-ից Գեղարքունիքի մարզի Ներքին և Վերին Գետաշենների հարևանությամբ հոսող և Մարտունու տարածաշրջանի գյուղերը ոռոգող Արգիճի գետի վրա ՀԷԿ էին սկսել կառուցել, ավելի ուշ հարակից գյուղերի բնակչությունը փակել էր Երևանից Մարտունի տանող ճանապարհը՝ բողոքելով ՀԷԿ-ի կառուցման դեմ, սակայն ՀԷԿ-ը կառուցվեց: ՀԷԿ-ի վրա պարբերաբար վթարներ են տեղի ունեցել, անգամ ձկները հայտնվել էին Վերին Գետաշենի բանջարանոցներում: Գյուղի բնակիչները բողոքում էին, որ փոհատուցում չի տրվել:

Այսօր էլ ՀԷԿ-ը խնդիրներ է առաջացնում. շուրջ 11 կմ-ը հայտնվելով խողովակների մեջ, տարածքը զրկել է բնական միջավայրից, խախտվել է գետի էկոհամակարգը, չի պահպանվում էկոլոգիական թողքը, իսկ ոռոգման առաջնահերթությունը՝ գործում է չգրված օրենքի համաձայն՝ չեն տալիս:

Analitik.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ Բագրատը նշեց, որ գյուղը մասամբ զրկվել է ոռոգման ջրից հենց ՀԷԿ-ի պատճառով և գյուղը տարածքներ ունի, որ չեն կարողանում ոռոգել՝ «ստից-մտից» ու «կիսատ-պտառ»:

Ըստ նրա, թեև հիմա գետում ջուր կա, սակայն 20 օր հետո այլևս չի լինելու, իսկ թե կկատարեն խոստումները և ոռոգման ջուր կտան Ներքին Գետաշենին, թե ոչ, Բագրատը պարզապես սպասում է՝ ոչ հավատում է, ոչ էլ չի հավատում:

Նա պատմեց նաև այն մասին, թե ինչպես են Ներքին Գետաշենում ջրում բանջարանոցները. «Վերին Գետաշենի ջրից գողնալով՝ հազիվ տեղավորվում ենք», թեև քիչ ու միչ ջուր են գողանում, սակայն գյուղի շուրջ 2000 հա հողատարածքներն ու բանջարանոցներն Արգիճի գետի ջրի կարոտն են և «կարտոշկեքը սաղ չորացուկ են»:

Շուրջ 30 տարի Վերին Գետաշենի պոմպակայանում բնակվող և պոմպավար Ռազմիկ պապին 74 տարեկան է, այժմ էլ Արգիճի ՀԷԿ-ից ոչ հեռու գործող պոմպակայանում աշխատում է, նրան ընկերակցում է ձեռքի գավազանը:

Analitik.am-ի հետ զրույցում Ռազմիկ պապին շեշտեց, որ ՀԷԿ-ը ոռոգմանը և գետին չի վնասում, իսկ ձկները մի կերպ կապրեն՝ «էն կողմը»: Իսկ խողովակների վթարը, ըստ նրա, «տրուբեն է, պայթեր է», այսինքն՝ կպատահի: Հենց պոմպակայանից ոչ հեռու Վերին գետաշենցիների հողատարածքներն էին ողողվել Արգիճի գետի ջրերով, նաև ձկնաշխարհն էր հասել բանջարանոցներ ու անշնչացել:

Հարցին, թե Ներքին գետաշենցիները պահանջո՞ւմ են ՀԷԿ-ը փակել, քանի որ ոռոգման ջուրը սակավ է, Ռազմիկ պապիկը նկատեց, որ դա «չկամեցողության արդյունք է», և ՀԷԿ-ը «ոչ մի վնաս չի տա»: Իսկ այն, որ Ներքին Գետաշենցիներն ասում են ոռոգման ջուր չունենք հարցին, Ռազմիկ պապիկն արձագանքեց. «Ղալաթ կենա, գլուխը պատով կտա, էդ Ներքին Գետաշենցա խանչա (կանչիր) բեր իմ մոտը»:

Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ոչ միայն Արգիճի գետն իր հունով չի գնում, նաև Վերին և Ներքին գետաշենցիների ծանծաղուտ ջրերը:

Հիշեցնենք, որ Արգիճի ՀԷԿ-ը կառուցել է «Հիդրո Կորպորացիա» ընկերությունը։ Ըստ Պետռեգիստրի կայքի, ընկերության հիմնադիրներից մեկն Իրանի քաղաքացի Ժորժիկ Աբրահամյանն է, մյուսը՝ տարիներ առաջ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն, Արգիճի ՀԷԿ-ը փոխանցվել է «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ին, և այն գրանցված է Ալբերտ Էվոյանի անունով, ում մասնակցությունը ՍՊԸ-ին, ըստ Պետռեգիստրի տվյալների, դադարեցված է:

Արգիճի ՀԷԿ-ը Հայաստանի 5 խոշոր ՓՀԷԿ-երից է 9720 դրվածքային հզորությամբ:

Ի դեպ, երբ 2015 թ-ին Վերին Գետաշենի համայնքի բնակիչները թույլատրել են ՀԷԿ-ի կառուցումը, պայման է եղել, որ ՀԷԿ-ն աջակցի Վերին Գետաշեն համայնքի զարգացմանը, մանկապարտեզին և անապահով ընտանիքներին. խոստումներից ոչինչ չի արվել:

Ընկերությունը 5000 դրամ գույքահարկ է վճարում, 150 հազար՝ հողի հարկ, այն էլ ոչ միշտ: Իսկ ՀԷԿ-ի իրական սեփականատերերի հավանական ցանկը երկար է և այն գլխավորում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից