Տնտեսություն գլխավոր 

Հունվարի 1-ից որոշ ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս. ՊԵԿ նախագահ

Այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, արդյո՞ք 2020 թվականից հետո երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքը բարձրանալու է և արդյո՞ք կառավարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկում է այսօր գոյություն ունեցող կարգը պահպանելու համար, ասաց, որ քննարկումներ ընթանում են. «Երբ մենք դառնում էինք ԵԱՏՄ անդամ, մոտ 800 ապրանքատեսակների գծով վերցրել ենք որոշակի բացառումներ, որոնք աստիճանաբար նվազում են: 2022 թվականից բոլոր բացառումները սպառվելու են: Ավտոմեքենաների մասով բացառումը սպառվում է 2020 թվականի հունվարի 1-ին: Հիմա նորից պետք է բանակցենք սպառվող 5 տարին երկարաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կառավարությունում կա, բայց չգիտեմ՝ հաջողությամբ կավարտվի՞ դա, թե՝ ոչ: Ես չեմ մասնակցում բանակցություններին»:

Անանյանն ասաց, որ ավտոմեքենաների տեսակ է լինելու, որոնց մաքսատուրքը բարձրանալու է մինչև 48 տոկոս, դրանից ավել էլ կարող է լինել. «Հստակ մաքսատուրք չկա սահմանված, սանդղակային է, տարբեր բաներ կան»:

ՊԵԿ նախագահը կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ կգնան Հայաստանի խնդրանքին, եթե հասկանան, որ քաղաքական ու տնտեսական առումով դա իրենց ձեռնտու է: Խոսքը հիմնականում վերաբերում է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, իսկ Ղրղզստանը գրեթե բոլոր հարցերում Հայաստանի հետ է:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ՊԵԿ-ը պատրաստ է ներքին ձևով մեղմող միջոցներ ձեռնարկել, եթե ԵԱՏՄ անդամ երկրներն ընդառաջ չգնան Հայաստանի դիմումին, Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ը որևէ բան չի կարող անել, քանի որ բացառապես վարչարարություն իրականացողն մարմին է. «Մենք օրենսդրական նախաձեռնութամբ հանդես չենք գա: Կան պատկան մարմիններ, որոնք կարող են փոփոխության առաջարկով հանդես գան»:

Նույն շարքից