Նման բան չի եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով մի խումբ աղջիկների հետ նախագահական գնալու մասին հրապարակումների վերաբերյալ:
Սարգսյանն ասաց, որ հրապարակված լուսանկարն արվել է սրճարանում, հեղափոխությունից դեռ մեկ տարի առաջ. «Իսկ վիդեոներում ինձ տեսնո՞ւմ եք: Ես որևէ վիդեոյում չեմ երևում: Տպավորություն է ստեղծվում, որ ես՝ պատգամավոր Հայկ Սարգսյանս, էլ ուրիշ տեղ չունեմ ու աղջիկներին Բաղրամյան 26 եմ տանում: Դա զրպարտում է ինձ, մենք դիմելու ենք դատարան, պատիվ ու հերքում ենք պահանջում»:
Պատգամավորը նշեց, որ պատմությունը սկսել է այլ լրատվամիջոց, իսկ այսօր դրա մասին գրել է մեկ այլ լրատվամիջոց, որի խմբագիրը հավանաբար խոսել է առաջինի լրագրողի հետ: Ասուլիսին ներկա լրագրողներից մեկն իր հերթին հորդորեց Սարգսյանին ենթադրությունների հիման վրա նման հայտարարություններ չանել՝ հիշեցնելով Սարգսյանին՝ վերջինիս կարգավիճակը:
Սարգսյանը կարծում է, որ իր դեմ ուղղորդված արշավ է ընթանում, որի նպատակներից է նաև Նիկոլ Փաշինյանին հարվածելը: