ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչից շատ բան է կախված: Այսօր՝ հուլիսի 9-ին, խորհրդարանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքերով, իրեն մտահոգում է այն, որ հարցի վերաբերյալ ԱԺ բերված նախագծում փորձի մասին որևէ դրույթ չկա. «Օտար լեզվի իմացությունը մի սարքեք ինչ-որ կոսմիկական բացառիկ առաքելություն: Բնական է, որ պետք է ՄԻԵԴ-ում ներկայացուցիչն օտար լեզու իմանա: Բայց մարդը կարող է մինչև 25 տարեկանն իրենց տան թախտին նստած լինել, իմանա օտար լեզու և թախտից միանգամից տեղափոխվի ՄԻԵԴ՝ չունենալով որևէ փորձառություն: Ցավոք վերջին շրջանում նման դեպքեր տեսել ենք, որ օրինակ փամփերսի առաքիչը կարող է բավականին լուրջ պաշտոն զբաղեցնել»:
Պատգամավորն ասաց, որ մեծագույն հարգանք ունի առաքիչների նկատմամբ, բայց վերոնշյալ պատասխանատու պաշտոնները պետք է զբաղեցնեն լրջագույն ուղի անցած մարդիկ, ովքեր ունեն որոշակի փորձառություն. «Օտար լեզվի իմացությունը մի դարձրեք Աստվածաշնչյան բացառիկ առաքելություն, որով օժտված են որոշ ընտրյալներ: Այսօր ՀՀ երիտասարդության բացարձակ մեծամասնությունը հրաշալի տիրապետում են օտար լեզուներին, բայց դա բացարձակ պայման չէ, որպեսզի նրանք, օրենսդրության որոշակի բազայի տիրապետելով, իրենց տանից ուղիղ անցում կատարեն ՄԻԵԴ»:
Զոհրաբյանի համար կարևոր է նաև այն, որ ՄԻԵԴ գնա բացառապես ՀՀ քաղաքացին, բացառվի երկքաղաքացիության տարբերակ: