Այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փաթեթով նախատեսվում է խստացնել ապօրինի անտառահատումների և որսագողությունների համար սահմանված պատժամիջոցները:
Էապես կխստացվեն անտառային տարածքներում արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները կտրելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար սահմանված պատիժները:
Ակնկալվում է, որ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կխոչընդոտի կովկասյան ընձառյուծի որսին կամ ոչնչացմանը:
ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի կամ ոչնչացման դեպքում, յուրաքանչյուր առանձնյակի համար՝ անկախ կենդանու տարիքից, ինչպես նաև կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար գործող 3 միլիոն դրամ տուգանքը Կառավարությունն առաջարկում է դարձնել 100 միլիոն: