Հասարակություն 

Գեղարքունիքի կովերի խարակիրին՝ Սևանի ափին

Օրերս Գեղարքունիքի մարզում՝ Ծովինար, Զոլաքար, Կարճաղբյուր և մի քանի այլ համայնքներում տասնյակ կովերն էին հիվանդացել, որոնց մի մասն անկել էր, իսկ մյուսներին կարողացել էին փրկել՝ մոտ 100 գլուխ:

Նախնական վարկածով, կովերը Սևանից ջուր էին խմել, որը կանաչելու հետևանքով տոկսիկ է, և անկել: Կա նաև մյուս վարկածը, ըստ որի կովերն առվույտ են կերել և անկել:

Նշենք, որ սովորաբար առվույտից կովերը չեն անկում, եթե միայն վաղ առավոտյան չեն ուտում առվույտը, երբ դեռ առավոտյան ցողը խոտի վրա է. այս դեպքում կովերի որովայնն ուռչում է և եթե ժամանակին բժշկական օգնություն չլինի՝ կանկեն: Եվ երկրորդ՝ հնարավոր չէ, որ մի քանի համայնքների կովերը, համայանքներ, որոնք իրարից բավականին հեռու են գտնվում, և ահա այս տարբեր համայնքների կովերը միաժամանակ ուղևորվեին միևնույն առվույտի դաշտը, ուտեին միևնույն առվույտը և դրսևորեին միևնույն վարքագիծը. կենդանիները դեռ այդքան կազմակերպված չեն:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ոչ բոլոր վայրերում կանաչ առվույտ կա, համայնքներ կան, որտեղ կովերն անկել են, սակայն առվույտ չկա, իսկ կովերը շարունակում են տարօրինակ վարքագիծ դրսևորել:

Զոլաքար գյուղում, գյուղաբնակներից մեկը նշեց, որ մի քանի կով է հիվանդացել, մեկին հասցրել են փրկել, որովայնը բացել են և կենդանին փրկվել է, գյուղում 4 կով է հիվանդացել, սակայն կորուստ չունեն:

Իր հերթին, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ նիստում հերքել է այն վարկածը, որ օրեր առաջ Գեղարքունիքում կովերի անկման պատճառը կապտականաչ ջրիմուռներով լցված Սևանի ջուրն է եղել: Նախարարի վարկածով, Գեղարքունիքի մարզում սատկած կովերի տերերին խորհուրդ են տվել կենդանիներին մոտեցնել լճին` ենթադրելով, որ այդ դեպքում պետությունը փոխհատուցում կտրամադրի:

Ի դեպ, գյուղաբնակները որևէ կորուստի փոխհատուցման մասին չեն էլ կարող երազել, քանի որ որպես այդպիսին կորստի դիմաց գյուղփոխհատուցում չի տրվում:

Նշենք, որ նախարարի այս վարկածը քիչ հավանական է, քանի որ հիվանդ կովն ընկնում է գետնին և մոտ 200-300 կգ տասնյակ կովեր շալակել-հասցնելը Սևանի ափ Գեղարքունիքի մարզի տարբեր հատվածներից՝ անհավանական արկածների շարքից է:

Իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր հերթին հենց առվույտի գործոնով էր պայմանավորել կովերի հետ պատահածը, թեև սպասում է փորձաքննության պատասխանին:

«Անկած կովերի լաբորատոր պատասխանները պատրաստ կլինեն ուրբաթ օրը»,-Analitik.am-ին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ կովերից վերցված նմուշները ստուգվում են ՍԱՊԾ լաբորատորիայում՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից