«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արդեն 9-րդ օրն է բողոքի ակցիա են անում՝ պահանջելով կոմբինատից վճարել իրենց չվճարված լրացուցիչ աշխատավարձերը:
Analitik.am-ի հետ զրույցում «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ի վարորդներից Կարեն Սարգսյանը նշեց, որ աշխատակցիները ոչ թե գործադուլ են անում, այլ բողոքի ակցիա, իրականությունը խճճված է ներկայացվում:
«Մոտ մեկ ամիս առաջ, հունիս 17-ին, նամակով դիմել էինք գլխավոր տնօրենին, որ վճարեն վտանգավոր և առանձնապես վտանգավոր աշխատանքի դիմաց աշխատավարձի պարտքը, որը 2010 թ-ից ինչ ես աշխատել եմ`չեն վճարել»,-ասաց նա՝ հավելելով, որ լրացուցիչ չվճարված աշխատավարձերի մասին իմացել է փաստաբանը, հետո աշխատակցիները պարզել են, որ 2008 թ-ից սկսած, ինչ «ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերութունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խմբին է փոխանցվել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը»՝ որևէ աշխատակցի չեն վճարել:
Ըստ նրա, ժողովի ժամանակ, որին ներկա է եղել նաև համայնքի ղեկավարը և արհմիության ղեկավարը, ընկերությունից ասել են, որ այդ գումարները մտնում են աշխատավարձի մեջ, սակայն դա աշխատավարձի թեթրիկի վրա չի արտացոլված և եկամտահարկ ևս չի գանձվել, պարզապես առանձապես վտանգավոր և վտանգավոր աշխատանքի դիմաց աշխատակիցներին չեն վարձատրել, իսկ աշխատակիցների զգալի մասը հենց նման պայմաններում է աշխատում. կարճ ասած, ընկերությունը տարիներ շարունակ խաբել է աշխատակիցներին:
«Հիմա էլ ուրիշ բան են ասում՝ տոննան բազմապատկում են կիլոմետրաժով և բազմապակում 7.2 դրամ, մեքենան տեղափոխում է 47 տոննա հանքաքար, ապա վարձրատրվում են ըստ մեքենայի տեղափոխած ծանրության, սակայն մեքենան էլեկտրոնային սարք ունի, որը ֆիքսում է և ամեն անգամ ցույց է տվել մինչև 60 տոննա բեռ, դրան չեն հավատում: Իրենց մոտ չեն կշռում`հավատում են, որ 47 տոննա է և իմ աշխատած տարիներին 100 կգ անգամ տատանում չի տվել, իսկ մեքենայի էլեկտրոնային սարքին չեն հավատում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մեքենան ծանրության տակ ճկռում է, քանի որ չափից դուրս շատ են բարձում և այդկերպ թալանում են երկիրը՝ շատ հանքաքար են հանում, քիչ գրանցում:
Նա նաև նշեց, որ հատկապես վտանգավոր աշխատանքի համար 50 տոկոս հավելավճար է հասնում, իսկ վտանգավոր աշխատանքի դիմաց՝ 30 տոկոս և այս տարիներին այդ գումարները դարձել են հսկայական և ընկերությունը պարզապես չի ցանկանում վճարել:
Բացի այդ, Կարեն Սարգսյանը նշեց, որ ամիսը 180 ժամից ավելի աշխատանքը համարվում է արտաժամյա, պետք է աշխատեն երկու հերթափոխով 12-12 ժամ, սակայն ամսական աշխատում են մինչև 360 ժամ, այն է՝ ամեն օր 12 ժամ և դրա համար ևս չեն վարձատրվել․ «Ոնց որ ստրկական աշխատանք լինի, նման գրաֆիկով աշխատանքի դիմաց կոպեկ չենք ստացել և ոչ ոք չի ստացել, անգամ գիշերային աշխատանքի համար են նախատեսվածից քիչ վճարել»,-ասաց նա:
Ընկերությունից աշխատակցիներին փոխանցել են՝ դիմեք դատարան, սակայն տեղյակ են, որ ոչ ոք ֆինանսապես հնարավորություն չունի դատարան դիմելու, կառավարությունից կարծես թե արձագանք կա, պատգամավորներն են հարցը բարձրացրել Ազգային ժողվում:
«Սյունիքի մարզպետը եկել էր մեզ հետ խոսելու գործարանի բակում, մոտ երկու ժամ խոսեց, բայց գլխավոր տնօրենը՝ Անդրեյ Սինյակովը, երրորդ հարկից չիջավ առաջին հարկ, որ գոնե Հունան Պողոսյանին բարևեր, մարզպետին արհամարհեց, այդպես էլ վարվում են աշխատակիցների հետ»,-նշեց Կարեն Սարգսյանը:
Ներկայումս Ագարակի կոմբինատում աշխատում է 1040 մարդ:
Նշենք, որ կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է. անօրինական գործադուլ նախաձեռնողներն աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։
Գոհար Ստեփանյան