Ժամը 13:46-ին ամբողջ էներգահամակարգում հաճախականության տատանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով նախ անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա Երևան ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայանները: Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել: Այս պահին դեռ պատճառը հստակ կանխորոշված չէ, սակայն կայունությունը վերականգնված է, տատանումներ չկան ու էներգահամակարգի արտադրական հզորությունները վերականգնվում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Վարդանյանը նշեց, որ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանականի հետ, դրա համար մեր մոտի տատանումները զգացվում են իրենց մոտ, իրենց մոտի տատանումները՝ Հայաստանում: Վարկածներից մեկն այն է, որ իրանական կողմում տեղի ունեցած վթարի պատճառով են տատանումները եղել. «Մենք մեր իրանցի գործընկերների հետ կապ ենք հաստատել, նրանք հաստատել են, որ նույն ժամանակահատվածում իրենց մոտ վթարներ եղել են: Սակայն այս պահին չենք կարող ասել, որ մեր մոտ եղած տատանումների պատճառը հենց դա է: Վերջանական պատասխանի համար պետք է ուսումնասիրություններ կատարվեն»:
Փոխնախարարը նշեց, որ անհանգստանալու առիթ չկա, որևէ տեխնածին աղետ չի եղել, չի էլ տեղի ունենա:
Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա այն հունիսի մեկից կանգնած է պլանային վերանորոգման, ցանցում չի եղել: Ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը պահպանել է բոլոր կանոնները, տատանումներից հետո ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է սեփական դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը սկսել է սնվել ցանցից:
Այս պահին Լոռու ու Տավուշի մի մասն անջատվել են Հայաստանի էներգահամակարգից, միացված է վրացական էներգահամակարգին:
Ներմուծման ռեժիմով աշխատանք է կատարվում նաև Իրանից:
Առաջիկա 5 ժամվա ընթացքում, եթե տատանումներ չլինեն, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը կսկսի աշխատել և ամբողջ հանրապետությունում անջատումները կվերացվեն:
Փոխնախարարն ասաց նաև, որ այսօրվա վթարն ամենամեծն է 2013 թվականից հետո:
Երևանի մետրոպոլիտենի էներգամատակարարումը վերականգնված է: