Հայաստանի տարածքում էլեկտրամատակարարումը մոտ 70 տոկոսով վերականգնված է: Պետք է շնորհակալ լինել մասնագետներին, ովքեր կարողացել են իրավիճակը պահել վերահսկողության տակ, տոկոսը չի հասել զրոյի, չի եղել այնպես, որ ամբողջ հանրապետությունում մատակարարում չլինի, ինչպես օրինակ եղավ հարևան երկրում, որտեղ 6 օր էլեկտրամատակարարում չկար: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շոգետուրբինի՝ ցանց մտնելուց հետո՝ մոտ մեկ ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չլինեն: Հնարավոր է, որ շոգետուրբինիի մասով խնդիրներ կան:
Շոգետուրբինն աշխատելուց հետո ամբողջական հզորությունը կհավաքի 2-3 ժամվա ընթացքում, հետևաբար մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի մոտ 19:00-ին: Սակայն նախարարը չի կարող 100 տոկոսով բան ասել, քանի որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ են ցույց տալու համակարգիչները:
Հարցին, թե ինչ պետք է անեն հիմա քաղաքացիները, Վարդանյանն ասաց, որ տատանումներ հիմա չկան, եթե տվյալ վայրում հոսանք կա, մարդիկ կարող են օգտագործել այն:
Փոխնախարարի խոսքերով, պանիկայի կարիք չկա, նման վթարներ լինում են բոլոր երկրներում, իսկ Հայաստանում վատագույն դեպքում 40 տոկոս մատակարարումը պահպանվել է: