Հասարակություն 

Հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել. Նիկոլ Փաշինյանը խոսեց Զոդի ողբերգական վթարի մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցած շաբաթ տեղի ունեցած ողբերգական վթարների մասին, որոնց արդյունքում մեծ թվով զոհեր եղան. «Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Պարբերաբար և չարամիտ խախտումներ անող վարորդները պետք է երթևեկությունից հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է, և կարծում եմ, որ ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե հնարավորինս շուտ երբ կարող ենք այդ հարցը քննարկել»:

Փաշինյանը նշեց, որ այդ հարցով կառավարությունն ու ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն ՀԿ-ների հետ. «Հնարավորություն պետք է ստեղծվի, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան կոպիտ խախտումներն արձանագրել ու ուղարկել ոստիկանությանը: Ես տեղյակ եմ, որ ԱԺ-ի Իմ քայլի խմբակցության ներկայացուցիչները ՀԿ-ների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, ինչին տեղյակ է նաև ոստիկանությունը: Այս հարցում քաղաքական կամքը կա, մնում է տեխնիկական մասի ապահովվումը»:

Վարչապետն ասաց, որ ճանապարհային երթևեկության նկատմամբ պետք է լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն. «Իհարկե հասկանալի է, որ ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է գրանցվել, ներմուծումները շարունակվում են, ինչն իր հետ բերում է մարտահրավերներ: Ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, քանի որ մեր քաղաքացիների, երեխաների կյանքի մասին է խոսքը»:

Ոստիկանապետ գեներալ Օսիպյանն իր հերթին հիշեցրեց նախկինում տեղի ունեցած նմանատիպ վթարների մասին՝ ասելով, որ բոլոր դեպքերով ուսումնասիրություններ են իրականացվում:

Ոստիկանապետը չբացառեց, որ թերացումներ կան, բայց ասաց, որ ամեն ինչ անում են:

Վալերիյ Օսիպյանը նաև թվեր ներկայացրեց, որ ամեն տարի վթարների և զոհերի թիվն ավելանում է:

Վթարների քանակի ավելացմանը նպաստում են ճանապարների վատ լուսավորությունը, ավտոմեքենաների տեխզննումը ձևական իրականացնելը և այլն:

Ոստիկանապետը կարծում է, որ բալային համակարգի ներդրումն էականորեն կբարելավի իրավիճակը:

Նույն շարքից