Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն հուլիսի 10-ին տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների մասով: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը նշեց, որ այդպես հստակ կպարզվեն խափանման պատճառները. «Նախնական տվյալներ կան, բայց պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի՝ պարզելու համար՝ միտում եղել է արդյո՞ք, թե՝ ոչ, կա՞ն մեղավորներ, թե՝ ոչ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՝ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ»:
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ևս ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար տեղի ունեցածի պատճառները. «Երեկ գործնականում ժամը մոտ 20:00-ին էներգահամակարգի գոծունեությունը ողջ հանրապետությունում վերականգնվել էր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանի և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր իմպերատիվ աջակցություն ցուցաբերեցին և հնարավոր եղավ խուսափել հետևանքներից, երբ համակարգը կոլապսի առաջ կկանգներ»:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ մի քանի օրվա ընթացքում պատճառները պարզ կլինեն ու ինքը կզեկուցի: