Հասարակություն 

Ձեզ ոչ միայն զգացեք ձեր տանը, այլև՝ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը. Արմեն Սարգսյանը՝ սփյուռքահայ երիտասարդներին

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը և այլն:

«Մենք պետք է զարգացման տեսլական ունենանք՝ ուր ենք գնում, ինչ ուղղությամբ պետք է զարգանանք,- ասել է նախագահը:- Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ 30 կամ 50 տարի հետո, մենք պետք է վերլուծենք, թե աշխարհը 30 կամ 50 տարի հետո որտեղ է լինելու: Մեր երկրի զարգացումը պետք է լինի այդ համատեքստում: Ուստի մեր առաջին քայլը պետք է լինի վերլուծել, հասկանալ, թե աշխարհը որ ուղղությամբ է առաջ ընթանալու, երկրորդը՝ որտեղ ենք մենք ուզում լինել այդ զարգացման համատեքստում, հաշվարկել, թե ինչ պետք է անել մեզ համար ցանկալի տեղում հայտնվելու համար: Սա կոչվում է տեսլական, բայց մինչև տեսլականը մենք պետք է վերլուծենք, մենք պետք է ունենանք նպատակ,- ասել է նախագահը: - Տեսլական ունենալը բավարար չէ, այն կարող է ընդամենը երազանք մնալ, եթե չունենանք ռազմավարություն, չունենանք դրանից բխող գործողությունների ծրագիր, որի իրականացումը մեզ կմոտեցնի մեր տեսլականին»:

Ընդհանուր տեսլական ունենալու համար Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը. «Մեզնից յուրաքանչյուրն ունի տեսլականի մասին իր պատկերացումները, ու շատ կարևոր է դրանք միմյանց փոխանցելը, որպեզի ընդհանուր տեսլական ունենանք: Այս փուլում մենք պետք է երկխոսենք, սկսենք գաղափարներ փոխանակել, հաշվի առնել ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի տեսակետը: Դա կլինի տեսլական հատուկ Հայաստանի համար, որը կարող է տարբերվել մյուս երկրների տեսլականից, քանի որ մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ, և մենք յուրօրինակ ցանց ունենք, որը հսկայական արժեք ու առավելություն է ժամանակակից աշխարհում: Այնպես որ, պետք է կարողանանք մեր առավելությունն օգտագործել հաջողության հասնելու մեր մոդելում, մեր ռազմավարության մեջ»: Նախագահի խոսքով՝ մեր ունեցածը պարզապես ցանց չէ, մեզ միավորում են մեր ինքնությունը, պատմությունը, ընտանիքը, մշակույթը և առաքելությունը:

Առաջ շարժվելու համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել մի շարք ոլորտներում (այդ թվում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ) հաջողություն գրանցելը. «Մենք պետք է փորձենք լավագույն արդյունքն ունենալ, պետք է փորձենք լինել լավագույնը»:

Դիմելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախագահն ասել է. «Հայաստանում պետք է ամեն ինչ անենք, որ դուք ձեզ զգաք ձեր տանը, ուր դուք կարող եք վերադառնալ ամեն պահի, աշխատել, ունենալ ձեր ներդրումը: Եվ դրա համար խոչընդոտներ չպետք է լինեն: Հայաստանը դիտեք որպես ձեր տունը, ձեր երկիրը: Բայց դուք պետք է լինեք նաև ա՛յն երկրի լավագույն քաղաքացիները, որտեղ ապրում եք: Այնպես որ, մաղթում եմ, որ ոչ միայն ձեզ զգաք ձեր տանը, այլև՝ զգաք ձեզ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից