Analitik.am-ի տեղեկություններով, կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո, ինչի արդյունքում Մշակույթի նախարարությունը միացավ Կրթության և գիտության նախարարությանը, նախարար Արայիկ Հարությունյանը ձեռնամուխ է եղել իր մտերիմներին աշխատանքի տեղավորմանը:
Մշակույթի նախարարության մի շարք բարձրակարգ մասնագետների՝ վարչությունների պետեր, աշխատակազմի ղեկավարի տեղակալ, առաջարկվել է իրենց քաղծառայության դասից երկու-երեք անգամ ցածր հաստիքով աշխատանք զբաղեցնել, որին չհամաձայնվելու դեպքում նրանց ասել են, որ ազատման դիմում գրեն:
Ըստ մեր աղբյուրի, Մշակույթի նախարարության աշխատակիցների նկատմամբ իշխանության նման անբարյացկամ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ վերջիններս դեմ են եղել այդ նախարարության միացմանը ԿԳՆ-ին, ինչի կապակցությամբ բողոքի ցույց են արել, արտահայտել իրենց դժգոհությունը: Իշխանությունը դա համարել է հակահեղափոխական մոտեցում և այժմ անում է ամեն ինչ, որպեսզի քաղծառայողները, որոնք ունեն բազմամյա փորձ և քաղծառայության դաս, դուրս գան աշխատանքից:
Ըստ պտտվող խոսակցությունների, Արայիկ Հարությունյանին հանձնարարություն է տրվել լուծել «Իմ քայլի» ՝ առանց աշխատանք մնացած կադրերին պաշտոն տալու հարցը: Վերջինս էլ որոշել է ավելի ցածր աշխատանքի տեղափոխել քաղծառայության բարձր կարգ ունեցող աշխատակիցներին, որպեսզի կարողանա պաշտոններ տալ սեփական թիմի անդամներին: