Հասարակություն 

Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

Հանդիպմանը ներկա  էր նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարեմաղթանքները բերեց դեսպանին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին և ներկայում երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Խոսվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր առաքելության և Իսրայելում հայ համայնքի կյանքի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բելոցերկովսկին վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Վերջինս ընդգծեց նաև, որ տպավորված է Հայաստանի պատմությամբ, հայ ժողովրդով և նրա հարուստ մշակութային ժառանգությամբ:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին:

  • 58
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    59
    Shares

Նույն շարքից