Հասարակություն 

Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում

analitik.am

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցը ներառել է ավելի քան 60 շահառուների:

Հունիսի 3-ին մեկնարկած ծրագիրը երեխաներին հնարավորություն է տվել ամառային արձակուրդը լցնել կրթամշակութային բովանդակությամբ: Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաներն անվճար հիմունքներով մասնակցում են ամառային դպրոցի կողմից առաջարկվող նկարչության, խեցեգործության, ուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներին:

Ամռան ավարտին գրադարանում կկազմակերպվի նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես՝ խմբակ հաճախող երեխաների աշխատանքների ցուցադրությամբ: Թեման Թումանյանի գրական ժառանգությունն է: Երեխաները նկարում, կավից պատրաստում են Թումանյանի հեքիաթների հերոսներին, իրենք են հայտվում այդ հեքիաթների կերպարներում՝ թատերական խմբակի շրջանակում մարմնավորելով այս կամ այն հերոսին:

Երեխաները խմբակներ են հաճախում մեծ սիրով ու հետաքրքությամբ: Սա փաստեցին բոլոր 5 խմբակների մանկավարժները: Ուլունքագործության խմբակի մանկավարժ Անուշ Այվազյանը երեխաներին հանձնարարել է հայկական խորհրդանիշների կրծքանշան պատրաստել. «Փորձում ենք կրծքանշան պատրաստել՝ ծիրան, դրոշ, անմոռուկ, նուռ: Երեխաները սիրով են աշխատում, հաճույքով լսում: Սա մանր աշխատանք է, որն ուշադրություն է պահանջում»,-ասաց նա:

8 տարեկան Նարեն ասում է, որ սիրում է ասեղնագործել. «Տանն ասեղնագործում եմ, մայրիկն է սովորեցրել: Ուզում եմ վարդեր ասեղնագործել և նվիրել իմ տատիկին»: 8 տարեկան Գաբրիելան դրոշ է պատրաստում. «Այս խմբակն ինձ տալիս է ճկունություն, արագ աշխատելու ու ձգտելու հմտություն»:

Նկարչության խմբակի ուսուցչուհի Թեհմինե Մայիլյանի խոսքով՝ նկարներից ու երեխաների դեմքից զգում է ուրախությունը: 11-ամյա Հայկը «Շունն ու կատուն» է նկարում: Ասում է՝ այստեղ գույներ ստանալ է սովորել: 14 -ամյա Գուրգենը վիշապ է նկարում: Նա հետաքրքրված է չինական դիցաբանությամբ:

Կավագործության ուսուցչուհի Արևիկ Արևշատյանը երեխաներին բացատրում է ինչպես աշխատել, թրծել կավը: 13-ամյա Մանյան մանկուց երազել է կավով աշխատելու մասին: «Ինձ շատ է հետաքրքրել, թե ինչպես են պատրաստում: Ամռան վերջին ցուցահանդեսն է, երջանկություն է, ես երազել եմ շատ ցուցահանդես լինի, մասնակցեմ»,-ասում է Մանյան:

11-ամյա Արթուրը «Շունն ու կատուն» է պատկերում: Նա կավով աշխատելու փորձ ունի: «Մենք սարի վրա կավ էինք հավաքում: Ընկերներով 5 ժամ սար էինք բարձրանում, կավ գտնում ու փորձում աշխատել նրանով»:

Տիկնիկագործության խմբակում, ըստ մանկավարժ Արմինե Արևշատյանի, 4 կարի տեսակ են սովորում, որպեսզի կարողանան տիկնիկ կարել:

Թատերական խմբակը ղեկավարում է դերասան Ստեփան Շահինյանը: Բեմադրում են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» և «Սուտասանը» հեքիաթները: Երեխաները նշում են, որ բեմադրությունները շատ հետաքրքիր են անցնում: 8-ամյա Գագիկի մայրն ասում է, որ որդու հաճախելու ցանկությունը շատ մեծ է, նրան բեմը գրավում է: Որդին միջամտում է. «Դերասան եմ ուզում դառնալ»:

Ստեփան Շահինյանի խոսքով՝ անցած մեկուկես ամսում երեխաները շատ են փոխվել. «Նախկինում ավելի կաշկանդված էին, հիմա ավելի «հանդուգն» են: Ցանկացած թատերական խմբակ տարեք երեխայի, ով փակ է, կաշկանդված, որոշ ժամանակ անց դառնում են անկաշկանդ: Կարող է առաջնորդ չդառնան, բայց դառնան մեկը, ում կարծիքը թանկ է կողքինների համար»:

Նշենք, որ մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցն անցկացվում է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Նույն շարքից