Գլխավոր Հասարակություն 

Ազատ խոսքի նկատմամբ այս ոտնձգությունները պետք է ահազանգ լինեն ոչ միայն մամուլի համար․ Սաթիկ Սեյրանյան

analitik.am

Նման երևույթ չի եղել, որ 90-ից ավելի հայցեր լինեն մամուլի դեմ, իմ տվյալներով դրանցից հստակ վարույթ են ընդունվել 30-ը, տեսնենք ինչպես կլինի շարունակությունը։ Սա սպասելի էր ինչ-որ իմաստով, որովհետև այն գործողությունները, որոնք տեղի ունեցան հեղափոխությունից, իշխանափոխությունից հետո Հայաստանում, երբ գործող իշխանության, հատկապես վարչապետի կողմից մամուլի նկատմամբ գրառումներ արվեցին, սուր հայտարարություններ հնչեցին, այնուհետև Իմ քայլը խմբակցության պատգամավորների կողմից կամ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցին հայտարարություններ մամուլի նկատմամբ, հրահանգներ, սև ցուցակ գցել, փակել և այլն, այս բոլոր կոչերը պետք է բերեին սրան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Սեյրանյանի խոսքերով բոլոր ժամանակներում իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, և ահա Նիկոլ Փաշինյանը, բոլոր իշխանությունները մշտապես ազատ խոսքի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկել․ «Մենք տեսել ենք նաև մեդիաների փակման պրոցեսներ, լրագրողների նկատմամբ ճնշումներ և այլ և այլն։ Այնուամենայնիվ, երբ մեր գործընկերը եկավ իշխանության մենք սպասում էինք, որ այլ կլինի վերաբերմունքը։ Ցավոք գործող իշխանությունները շատ արագ հարմարավեցին այսպես ասած իշխանական կենսակերպին և սկսեցինք քայլեր ձեռնարկել մամուլի դեմ՝ լռեցնելով խոսքը, որովհետև ինքներդ եք նկատում, որ որևէ ներկայացուցիչ անհանդուրժող է մամուլի նկատմամբ։ Չնայած այն բանի, որ բարձր հարթակներից, միջազգային հարթակներից, թե ֆեյսբուքյան տարածքում նրանք խոսում են մամուլի աննախադեպ ազատության մասին, սակայն փաստերը, դեպքերն ու քայլերը հակառակի մասին են ասում»։

Սեյրանյանը նշեց, որ տարբեր տիպի միջազգային կազմակերպություններ մշտապես գնահատականներ են տալիս՝ կարևորելով խոսքի ազատությունը․ «Օրինակ եթե տնտեսական վերլուծություն են անում, կարևորւմ են նաև ներդրումային միջավայրը, այսինքն մամուլի ազատությունը, խոսքի ազատությունը շատ կարևոր գործոն է բոլոր ոլորտների համար։ Բնականաբար մեր գործընկերը շատ լավ հասկանում է, որ որքան բարձր հնչեցվի այդ ատյաններից, այդ զեկույցներում ինչ տեղ կգտնեն, բայց դեպքերն այլ բան են ասում»։

Սեյրանյանը նշեց նաև, որ գուցե նաև նպատակային է ֆինանասական սնանկացման հասցնելը, ֆինանսական խնդիրներ առաջացնելը մամուլի համար․ «Եվ դա բխում է երկրի տնտեսական վիճակից։ Ես բազմիցս ասել եմ, եթե երկրում տնտեսություն չի աշխատում և մրցակցություն չկա ընկերությունների միջև՝ հաճախորդ ներգրավելու կամ իրենց արտադրատեսակից օգտվելու համար, հետևաբար գովազդի շուկան փոքրանում է»։

Բանախոսը կարծում է, որ ազատ խոսքի նկատմամբ այս ոտնձգությունները պետք է ահազանգ լինի ոչ միայն մամուլի համար, որովհետև յուրաքանչյուր ոլորտ առնչվում է մամուլի հետ․ «Մամուլն այն օղակն է, այն կամուրջն է, որը հասարակության ձայնը հասցնում է իշխանություններին, մամուլն այն միջոցն է, որով քաղաքացիներն իրենց խնդիրներն են բարձրաձայնում։ Մամուլի դերը պետք է գիտակցնե բոլորը, բոլոր անհատ քաղաքացիները պետք է սա հասկանան։ Այս քայլերը լրացուցիչ խնդիրներ են առաջացնում թե՛ ֆինանասական, թե՛ տեխնիկական և այլն»։

Նույն շարքից