Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն այսօր սկսեց այն, ինչ սկսել էին նաև Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը:

Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ: Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել շինարարության մեկնարկից 26 ամսվա ընթացքում: Ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնի հետ համեմատած՝ նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:

Սոցկայքերում արդեն սկսել են ակտիվ քննարկել հարցը, որ սա Երևան ՋԵԿ-ի նոր էլեկտրակայանի  շինարարության ոչ առաջին մեկնարկն է:

Մասնավորապես նշվում է, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ, տեղի է ունեցել նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, մեկ անգամ էլ՝ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ:

Նշենք՝ այսօր վարչապետին տեղեկացվել է, որ շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ: Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել 53 տոկոսի: Նոր արտադրող հզորությունը էներգետիկ համակարգում կօգտագործվի նաև տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես Հայաստան-Իրան գազ էլեկտրաէներգիայի փոխանկման ծրագրում:

 

Նույն շարքից