Հասարակություն 

Հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն. Իրանագետ

analitik.am

Հուլիսի 10-ին Հայաստանի էներգահամակարգում վթար տեղի ունեցավ, ինչի արդյունքում ամբողջ հանրապետությունում նախ եղան հոսանքի տատանումներ, ապա նաև անջատումներ: Մինչև հիմա դեռ պարզ չէ տեղի ունեցածի պատճառը: Մի քանի կառույցներ ծառայողական քննություն են սկսել, ինչի ավարտից հետո կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Վարկածներից մեկի համաձայն գործոններն արտաքին են, մյուսի՝ ներքին: Արտաքին ասվածն ամենայն հավանականութամբ կապ ունի Իրանի հետ, որի էներգետիկ համակարգի հետ Հայաստանի էներգետիկ համակարգն ուղիղ կապ ունի:

Հաշվի առնելով վերջին շրջանում ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը՝ Հայաստանը պետք է մտածի, թե ինչ տարբերակներ ունի իրավիճակից դուրս գալու համար, եթե ԱՄՆ-ի իրանական պատժամիջոցներն ավելի սաստականան և գոնե ոչ ուղղակի կերպով առնչվեն նաև Հայաստանին, կամ բանը հասնի ռազմական բախմանը:

Analitik.am-ը ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ կտրուկ գործողությունների անցնելու, և էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար Հայաստանի պահուստային տարբերակների առկայության հարցի վերաբերյալ զրուցեց իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ, ով ասաց, որ այս պահին այդքան էլ չի հավատում ԱՄՆ-Իրան ռազմական բախման տարբերակին. «Իհարկե, դա ընհանրապես չպետք է բացառել, համենայնդեպս կարծում եմ, որ ներկայումս այդ տարբերակն այնքան էլ հավանակն չէ: Պետությունն իրավունք չունի ընդնրապես դա բացառելու և պետք է աչքի տակ ունենալ պահուստային տարբերակներ՝ ցանկացած տեսակի, և հնարավոր ցանկացած զարգացման դեպքում»:

Իրանագետը նշեց նաև, որ հոսանքի տատանման վերջին դեպքերը մեզ ապացուցեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար բարեկամական երկիր է. «Վերջին հոսանքանջատումների հետ կապված Իրանը մեծ քանակությամբ հոսանք տվեց Հայաստանին, և ապացուցեց, որ Հայաստանի համար շատ կարևոր երկիր է: Հայ-իրանական հարաբերությունները բարեկամական են և Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն, ինչպես նաև նշեմ, որ այդ հարաբերությունները հասնում են մինչև ռազմավարականի: Վերջին դեպքը ցույց տվեց նաև, որ Իրանն այն եզակի հարևան պետություններից է, որը կարող է ամեն պահի օգնության ձեռք մեկնել Հայաստանին: Իրանի հետ հետագա հարաբերությունները կառուցելիս այս ամենը պետք է անպայման հաշվի առնել»:

Պարոն Վարդանյանի խոսքերով, հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան վերընթած կորագծով, որովհետև ինչպես փորձն է ցույց տալիս, այդ հարաբերությունները զարգացման այլ ընտրանք չունեն. «Հաշվի պետք է առնվեն նաև աշխարհաքաղաքական այլ երկրների դերակատարների շահերը տարածաշրջանում, բայց միայն այն բանից հետո, երբ հաշվի կնստեն հայկական պետական շահերի հետ: Ինչպես բնական, այնպես էլ՝ նորմալ է, երբ առաջնահերթ պետք է լինի հայ ազգային շահը, հետո նոր միայն տարածաշրջանում գործող այլ երկրներ ու պետությունների»:

 Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից