Երեկ՝ հուլիսի 12-ին Մերգելյան ինստիտուտում ընթանում էր ՀՀ պաշտպանության նախարարության տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության անցնելու քննության 3-րդ փուլը, որին պետք է մասնակցեր նաև Կարեն Մնացականյանը: Վերջինիս պնդմամբ, նրան չեն թույլատրել մասնակցել քննությանը՝ առանց հիմնավորման ու ծանուցման:
Analitik.am-ի հետ զրույցում քննության մասնակից Կարեն Մնացականյանն ասաց, որ առաջին և երկրորդ փուլերը անցել է, սակայն երկրորդ փուլի ժամանակ փոքրիկ միջադեպ է եղել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ. «Ընդամենը 15 վայրկյան ուշ եմ հանձնել թերթիկը, իսկ այդ ընթացքում ինձ մոտեցել է պարոն Բալայանը, որ վերցնի անցաթերթիկը, իսկ ես խնդրել եմ, որ մի քանի վայրկյան ժամանակ տրամադրի, որովհետև պատասխանները չէի հասցրել անցկացնել անցաթերթիկի մեջ, բայց բոլոր լուծումներն ինձ մոտ կային»:
Մնացականյանը նշեց, որ ՊՆ փոխնախարար պարոն Բալայանի հետ զրույցի ընթացքում իրենց է մոտեցել հանձնաժողովի անդամ պարոն Քերոբյանը, ով ասել է, որ նորմալ է, և կարող է ավարտին հասցնել անցաթերթիկի լրացնելը. «Նա տեսել էր, որ ոչ մի խնդիր չկա և առաջադրանքներն էլ կատարված էին, իսկ ինձ պետք էր միայն անցկացնել նշանները: Դրանից հետո պարոն Բալայանը վերցրեց թուղթն ու ասաց՝ «Սա ես առանձին եմ ստուգելու..»»:
Քննության հաջորդ օրը Կարեն Մնացականյանը բողոքարկման է գնացել, քանի որ խնդիրներից մեկում սխալ է եղել, ինչի հետևանքով կարող էր միավորներ կորցնել ու չհաղթահարել քննության անցողիկ շեմը: Բողոքարկումից հետո Մնացականյանը ստացել է անցողիկ 62 միավորը, որի արդյունքում անցել է քննության հաջորդ փուլ. «Երկրորդ փուլը հուլիսի 8-ին էր, որը ևս անցա, բայց 2 օր անց՝ հուլիսի 10-ին, ինձ զանգեց Արտավազդ Սահակյանն ու բանավոր փոխանցեց, որ Գաբրիել Բալայանը հրահանգել է ինձ տեղեկացնել, որ ես չեմ մասնակցելու քննությանը ու կարող եմ չգնալ, իսկ գնալու դեպքում՝ փաստաբանի հետ: Հարցրեցի, թե ի՞նչ հիմնավորմամբ չպետք է մասնակցեմ քննությանը, ասացի, որ առաջին բողոքարկման փուլի ժամանակ պարոն Բալայանը քեզ ասել է, որ դեմ է, որ դու անցնես: Այդպես էլ հիմնավորում չստացա, անգամ գրավոր ծոնուցում չեմ ստացել, որ ինձ չեն թույլատրում քննությանը մասնակցել».- ասաց Մնացականյանն ու ավելացրեց, որ քննությունը սկսելուց առաջ ՀՀ ՊՆ փոխնախարարը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ նա չպետք է մասնակցի քննությանը:
Օֆելի Իսրայելյան