Քաղաքականություն 

Էրդողանի ներքաղաքական «գամբիտը»․ Քաղաքագետ

«Էրդողանի ներքաղաքական «գամբիտը»

Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացները բացասական են ազդում նաև Թուրքիայում իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցության վրա... Թուրքական ԶԼՄ-ների տվյալների համաձայն` իշխող կուսակցությունում տեղի ունեցող կենտրոնախույս գործընթացները կարող են հեռուն գնացող բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանի համար...

Ըստ վերջին տեղեկությունների` "Արդարություն և զարգացում" կուսակցության շարքերը լքելու մասին է հայտարարել կուսակցության հիմնադիրներից մեկը՝ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախկին նախարար Ալի Բաբաջանը...

Ավելին` պարոն Բաբաջանը նաև հայտնել է, որ մտադիր է նոր կուսակցություն հիմնել և ակտիվ մասնակցել երկրում ծավալվող քաղաքական գործընթացներին... Բաբաջանի հենց այս մտադրությունը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, հունից հանել է Էրդողանին, ով իր կուսակից ընկերների մոտ խիստ քննադատել է Ալի Բաբաջանի "դավաճանական" քայլերը...
Մինչ Բաբաջանի` Էրդողանից "հեռանալը", վերջինիս լքել էին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը և երկրի ԱԳՆ-ի նախկին ղեկավար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով համարվում էր Էրդողանի "աջ ձեռքը"... Էրդողանի ղեկավարած կուսակցությունում և կառավարությունում գլուխ բարձրացրած ճգնաժամը ունի և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական դրդապատճառներ...

Ներկուսակցական ճգնաժամը Թուրքիայում սկսվեց սույն թվականի մարտի 31-ին երկրում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ "Արդարություն և զարգացում" կուսակցությունը հիմնականում հաղթանակ տարավ "գյուղական" և տնտեսապես հետամնաց նահանգներում՝ քեմալիստներին զիջելով Անկարան և տնտեսապես զարգացած նահանգներն ու գագաթնակետին հասավ 2019 թ-ի հունիսի 31-ին Ստամբուլում նշանակված վերաքվեարկությունից հետո, որը Թուրքիայում դիտարկում էին ոչ թե որպես հասարակ ՏԻՄ ընտրություններ, այլ որպես "Էրդողանի վստահության հանրաքվե", որի արդյունքում Էրդողանի կուսակից ընկեր Բինալի Յըլդըրըմը, ստանալով 45,19 տոկոս ձայներ, պարտվեց Ժողովրդահանրապետական կուսակցության և նրան սատարող "Իյի" կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին, ով ստացել էր ընտրությանը մասնակցած ստամբուլցիների ձայների 53,91 տոկոսը՝ 5 տոկոսով ավելի, քան ստացել էր մարտի 31-ի ընտրություններին... Շատերի համար այս արդյունքը դիտարկվեց որպես Էրդողանի` քաղաքական Օլիմպից հեռանալու սկիզբ...

Արտաքին դրդապատճառները ևս հիմնավոր են և ազդեցիկ... Ներքաղաքական ֆիասկոները անտեսելով` Էրդողանը գնաց ԱՄՆ-ի հետ բացահայտ առճակատման՝ սերտացնելով ռազմական և արտաքին քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ վերջինից գնելով С-400 "Տրիումֆ" զենիթահրթիռային համակարգեր և համագործակցելով Սիրիայում Մոսկվայի հետ` ազդեցության գոտիներ ստեղծելով... Պաշտոնական Վաշինգտոնը տարբեր միջոցներով և մեթոդներով փորձեց հետ պահել Անկարային այդ քայլից, սակայն ապարդյուն... Մի քանի օր առաջ սկսվեց С-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային...

ԱՄՆ-ի հետ առճակատման հետևանքով տուժեց նաև Թուրքիայի տնտեսությունը, որի պատճառով թուրքական լիրան բավականին արժեզրկվել է, իսկ առաջին սպառման ապրանքների գներն աճել են 2-4 անգամ, նվազել են օտարերկրյա ներդրումները... Թուրքիայի բնակչության մեծ մասը դժգոհ է գործող իշխանությունների և հատկապես կառավարության անդամների գործունեությունից և տնտեսական ճգնաժամի համար մեղադրում է հենց նրանց...

Էրդողանը փորձելով սեփական "խաղն" առաջ տանել և հաշվի չնստելով Վաշինգտոնի և վերջինիս մերձավորարևելյան թիվ մեկ գործընկեր՝ Իսրայելի հետ, վտանգի տակ է դրել իր ու իր հարազատ կուսակցության իշխանությունը Թուրքիայում...

Թրամփի վարչակարգը Անկարային "դարձի" բերելու համար հրաժարվեց նախորդ վարչակարգերի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող "դիվանագիտական շանտաժի" քաղաքականությունից (օրինակ՝ երբ Անկարան այնպիսի քայլեր էր անում, որոնք չէին բխում ԱՄՆ շահերից, Վաշիգնտոնում նույն րոպեին հիշում էին Հայոց ցեղասպանության մասին) և անցավ տնտեսական պատժամիջոցների (բավականին բարձրացվեցին Թուրքիայից ԱՄՆ ներկրվող երկաթի և պողպատի մաքսատուրքերը) ու "փափուկ ուժի" կիառմանը, որի արդյունքում Թուրքիայի տնտեսական և զբոսաշրջային կենտորններում Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշի կտրուկ անկում գրանցվեց, որն էլ ազդեց մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա...

Թուրքիայում հիմա ակտիվորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, որն ամբողջությամբ համապատասխանում է ԱՄՆ-ի կողմից այժմ իրականացվող "թուրքական" քաղաքականությանը... Թուրքիայում ակտիվացել են ոչ միայն Էրդողանի հակառակորդները՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը և նրան սատարող "Իյի" կուսակցությունը, այլև "Արդարություն և զարգացում" կուսակցության հակաէրդողանական ակտիվը...

Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Ալի Բաբաջանի կողմից կուսակցություն ստեղծելու դեպքում "Արդարություն և զարգացում" կուսակցության 40 պատգամավորներ կլքեն Էրդողանի կուսակցությունը և կմիանան Բաբաջանին...

Նույն ԶԼՄ-ների տվյալներով այդ կուսակցության մեջ կմտնեն նաև արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգյունը, ֆինանսների նախկին նախարար Մեհմեդ Շիմշեքը, նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և պառլամենտի նախկին խոսնակ Բյուլենթ Առինջը... Սակայն Էրդողանը հենց այնպես չի հանձնվի...

Նա կպայքարի իշխանությունն իր ձեռքում պահելու համար և այսպիսի դեպքերում երկրի ներքաղաքական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով կսրի իրավիճակը երկրի ներսում՝ ահաբեկչություններ կազմակերպելով և դրանցում իր հակառակորդներին մեղադրելով, այդ թվում նաև քրդերին՝ սահմանափակելով ազատությունները, ինչպես նաև կակտիվանա արտաքին քաղաքականության ոլորտում...

Չի բացառվում, որ Անկարան նոր սադրանքների կդիմի Սիրիայում, Իրաքում, չի բացառվում նաև Արցախում և այլն...

Ինչպես նաև կրկին հրապարակ կնետի նեոպանթյուրքիստական և նեոօսմանական իր քաղաքականությունը՝ կրկին կփորձի ներկայանալ մահմեդական աշխարհի "օմբուդսմենի" դերում...

Այս ամենում մեզ հետաքրքիր է, թե ինչպիսի քաղաքականություն կդրսևորի մեր ռազմավարական գործընկեր Ռուսսատանը, որը վերջին 2-3 տարիներին դարձել է Անկարայի հավատարիմ բարեկամը...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից