Հասարակություն 

Սասուն Միքայելյանն այսօր կփակի՞ Երևան-Սևան մայրուղին

analitik.am

Հուլիսի 15-ին Սևանա լճում գործունեություն ծավալող տնտեսվարողները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Նրանց խոսքերով, Սևանա լճի մասին խոսակցություններից հետո այցելուների թիվը կտրուկ նվազել է: Նրանք պահանջում են իշխանություններից՝ եթե ջուրը թունավոր է, թող կարանտին հայտարարեն, իսկ եթե թունավոր չէ, թող ֆլեշմոբ անեն ու ցույց տան դա:

Ավելի ուշ նրանց հետո հանդիպեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով խոստացավ քաղաքացիների հետ փողոց փակել, եթե մինչև հուլիսի 17-ը (այսօր) համապատասխան հայտարարություններ չլինեն:

Դրանից հետո առաջին պլանում հայտնվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով տեսախցիկների առաջ լողաց Սևանա լճում՝ հայտարարելով, որ Սևանը դեռ մինչև վերջ չի ապաքինվել, սակայն լողալ կարելի է: Նա նաև նշեց, թե ոչ բոլոր ափերն են մամռակալած, և դա առաջին տարին չէ, որ տեղի է ունենում:

Արդեն հուլիսի 16-ին համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հայտնելով, որ Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որ Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

Արդյո՞ք սա բավարար է, որպեսզի Սասուն Միքայելյանն ու տնտեսվարողները չփակեն մայրուղին, ցույց կտան հետագա զարգացումները:

 

Նույն շարքից