Ես ամեն անգամ զայրույթ եմ զգում այստեղ գալիս և, բնականաբար, գլուխս խոնարհում նրանց հերոսության առջև: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ խոսելով ՊՊԾ գնդի գրավման դեպքերի մասին:
3 տարի առաջ՝ հուլիսի 17-ին, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը ոգեկոչելու նպատակով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր ծաղիկներ խոնարհեց ՊՊԾ գնդի մոտ տեղադրված հուշատախտակի մոտ:
«Դա դասական ահաբեկչական գործողություն էր: Վանդալիզմ և ահաբեկչություն. սպանվեցին ծառայություն իրականացնող ոստիկաններ, ոչնչացվեց, այրվեց պետական գույքը, թալանվեց բանկոմատ»,- ասաց գնդապետ Մելքոնյանը, ով տարիներ շարունակ ղեկավարել է ՊՊԾ գունդը:
Հարցին, թե ինչ կասեր հիմա «Սասնա ծռեր» խմբի անդամներին, Մելքոնյանն ասաց, որ չի կարող տեսախցիկների առաջ ասել. «Կոչ կանեմ մոմ վառել, ապաշխարել, ոչ թե՝ հերոսանալ: Այսօր նրանք մամուլի ասուլիս էին տալիս Սորոսի խոսափողներից մեկով: Ես նրանց խոսքերում, պահվածքում բացարձակապես զղջման, ներողության արտահայտություն չզգացի, ինչպես դատաքննության ընթացքում, երբ իրենց պահում էին լկտի, ցինիկ, անբռնազբոս: Այդ պահելաձևը փոխանցում են նաև իրենց մակարդակն ունեցող որոշակի սեգմենտի»:
Գնդապետը, ով իրեն զոհված գնդապետ Արթուր Վանոյանին, բացի ծառայակից, նաև իր հարազատն է համարում, կիսելով զոհվածների հարազատների ցավն ու կսկիծը` համբերություն ցանկացավ նրանց և հույս հայտնեց, որ արդարությունը կհաղթանակի, և «Սասնա ծռեր» խմբի անդամները կստանան իրենց պատիժը, ոչ թե իշխանությունների կողմից ազատ կարձակվեն, քաղաքականությամբ կզբաղվեն և սեպ կխրեն Արցախի և Հայաստանի միջև: