Հասարակություն 

Մեր ժողովուրդը Ձե՛զ է մանդատ տվել՝ աշխատելու և պետության խնդիրները լուծելու համար. Նորիկյան

Եթե ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին հաջողվել է Վենետիկի հանաժողովի միջոցով վիժեցնել Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, ինչպես նաև Հայաստանում վեթինգի հնարավոր իրականացման հարցում, ուրեմն այդ մարդուն հետ բերեք և ՛՛գնահատեք՛՛ նրա հնարավորությունները:

Իսկ եթե լուրջ, եթե Դուք իսկապես համոզված եք, որ Դուք ճիշտ եք, որ ճիշտը Դուք եք, որ Հայաստանում խաթարված է դատաիրավական համակարգի բնականոն գործունեությունը, որ գոյություն չունի արդարադատություն, որ անհրաժեշտ է իրականացնել վեթինգ, որ պետք է լուծել սահմանադրական դատարանի խնդիրը, և ամենակարևորը՝ Ձեր բոլոր քայլերը եթե օրինական են, Դուք վախենալու ի՞նչ ունեք, տղե՛րք: Ինչու՞ եք հապաղում:

Դու՞ք եք բարձրացրել սահմանադրական դատարանի հարցը, գտնում եք, որ այնտեղ ճգնաժամ կա՞, ուրեմն Դուք էլ լուծեք այս հարցը: Մեր ժողովուրդը Ձե՛զ է մանդատ տվել՝ աշխատելու և պետության խնդիրները լուծելու համար: Ի՞նչ Վենետիկի հանձնաժողով:

Դուք չգիտե՞ք, որ Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաքելությունը ԿԱՐԾԻՔ հայտնելն է, որ այդ կարծիքը որոշիչ ու իմպերատիվ չէ:

Համաձայն չե՞ք այդ կարծիքի հետ, գտնում եք, որ այն թելադրված է Գագիկ Հարությունյանի կողմի՞ց, ապօրինի է ու հակասում է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ զարգացման տեսլականին ու արժեհամակարգին, վճռականորեն կանգնե՛ք ու ասեք, որ Դուք խորապես հարգում եք Վենետիկի հանձնաժողովին, սակայն համաձայն չեք այդ կարծիքի հետ և կատարեք Ձեր քայլը…

Գոնե ինձ համար պարզ է, որ այս պահին այս հարցի լուծումը Դուք չունեք: Ունենայիք, հիմա Վահեն շատ վաղուց ստացել էր իր նամակի պատասխանը:

Ն. Փաշինյանի ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին տված հարցազրույցից էլ հասկացա, որ գործադիր իշխանությունում գոնե այս պահին գոյություն չունի դատաիրավական համակարգի վերափոխման որևէ կոնկրետ հայեցակարգ կամ հստակություն, ինչպես նաև այս հարցերը լուծելու կոնկրետ բանաձև:
Դուք ասում եք, որ սահմանադրական դատարանը բուտկի պես սեփականաշնորհել են:

Ճի՛շտ եք ասում: Ուղղակի զարմանալին այն է, որ այդ ՛՛Սեփականաշնորհման՛՛ պատվիրատուները, ճարտարապետները, հեղինակները հանգիստ վայելում են իրենց թոշակները, և Դուք գոնե առերևույթ չեք էլ մտածում նրանց արարքներին իրավական գնահատական տալու մասին, բայց ցանկանում եք վռնդել այդ սեփականաշնորհումից օգտված բուտկի նախագահին: Դուք չեք զարմանու՞մ…

Իրավաբան Նորայր Նորիկյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից