Գլխավոր Հասարակություն 

Մնացածն ո՞ւր են. Նիկոլ Փաշինյանը պահանջում է բերման ենթարկել Իջևանի դեպքերի բոլոր կազմակերպիչներին

analitik.am

Երեկ Իջևանում անթույլատրելի իրադարձություններ են տեղի ունեցել: Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպած ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք՝ բարեբախտաբար ոչ շատ ծանր: Տուժել է նաև երկու քաղաքացի: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը. «Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը»:

Ոստիկանապետի տեղակալ Մովսիսյանը, ով նոր է վերադարձել Իջևանից, ասաց, որ ոստիկանությունը տեղում տեղակայել է անշարժ պահակակատեր, որոնք պետք է կանխեն ապօրինի ծառահատումները, ինչն էլ առաջացրել է ապօրինի ծառահատում իրականացնողների դժգոհությունը: Վերջիններս իրենց նպատակին հասնելու համար մի քանի անգամ փակել ու բացել են ճանապարհները. «Մոտ 500 քաղաքացի պահանջում էին հանել պահակակատերը և թույլ տալ իրենց ապօրինի հատված ծառերը տեղափոխել: Ժամը 18:00-ի մոտակայքում, երբ ճանապարհը կրկին փակվեց, ոստիկանությունը փորձեց բացել ճանապարհը, ինչից հետո տեղի ունեցավ բախում: Ոստիկանությանը վնասվածքներ հասցրեցին քարերով, փայտերով, մահակներով: Վնասվածք ստացել է նաև երկու քաղաքացի: Փառք Աստծո, վնասվածքները լուրջ չեն: Այդ պարագայում ոստիկանության պետն ուժեղացված ծառայություն իրականացնելու մասին որոշում կայացրեց: Հիմա ոստիկանապետը գտնվում է տեղում»:

Մովսիսյանը նշեց, որ ակտիվիստների հետ բանակցությունների ժամանակ վերջիններս պետությանը պահանջներ են ներկայացրել. «Ոստիկանապետն ասաց, որ հարցն անօրինական չի լուծվելու՝ հորդորելով բացել փողոցները: Համագործակցելով մյուս իրավապահների հետ՝ իրավիճակը հիմա վերահսկվում է, մայրուղիները բաց են: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: 19 քաղաքացի բերման է ենթարկվել, 13-ը ձերբակալված են, մնացածը բաց են թողնվել՝ ստորագրությամբ»:

Փաշինյանն իր հերթին նշեց, որ իր տեղեկություններով պետք է բերման ենթարկվեր մոտ 36 մարդ՝ կազմակերպիչները. «Մյուսներն ո՞ւր են»,-հարցրեց նա:

Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ գիշերն իրականացվել է օպերատիվ գործողություն. «Մենք գնացել ենք հասցեներով, ոչ բոլորն են տեղում եղել: Հիմա աշխատանքներ տարվում են մյուսներին հայտնաբերելու համար»:

Ոստիկանապետի տեղակալը բացառեց, որ նրանք կարող են լքել Հայաստանի տարածքը:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին ասաց, որ պետք է կասեցնել ապօրինի ծառահատման գործընթացը, ինչի մասին դեռ մեկ տարի առաջ է խոսվել. «Սակայն, երբ մենք խոսում ենք, ինչ-որ մարդիկ լսում են մեզ, էկրաններից այն կողմ քմծիծաղ են տալիս ու մի քանի օր դադարից հետո շարունակում իրենց գործողությունները»:

Փաշինյանի խոսքերով, տպավորություն է ստեղծվում, որ Տավուշում բոլորն են զբաղվում ծառահատումներով, ինչն այդպես չէ. «Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որն իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց: Այսօր մենք գործ ունենք նման ցանցի հետ: Եթե ես չեմ սխալվում քրեական գործ ունենք հարուցված նաև ԱԱԾ-ում՝ հենց կազմակերպված ցանցի կողմից նման գործողություններ իրականացնելու մասին: Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից կառավարվում են այդ մարդկանց կողմից, ովքեր կրելու են պատասխանատվություն: Ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես իրավապահ համակարգի առաջ շատ հստակ խնդիր եմ դնում: Ապօրինի գործունեության հետ կոմպրոմիս չի լինելու: ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ մենք միայն պատժողական տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք»:

Վարչապետը նշեց, որ այսօր Տավուշի մարզը տուրիզմի առումով ամենամեծ զարգացումն ապահովող մարզն է, հարյուրավոր մարդիկ գալիս են ուղղակի անտառում քայլելու համար. «Մեր քաղաքացիներին պետք է հասցնենք, որ առանց անտառը կտրելու կարող են ավելի մեծ գումար վաստակել:  Եկեք գնանք Տավուշ, Լոռի, կան մարդիկ, ովքեր 30 տարի անտառում փայտ կտրելով են զբաղված, սակայն շարունակում են մնալ խեղճուկրակ: Սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք անտառը պահպանելու միջոցով նյութական միջոցներ գեներացնել»:

Նույն շարքից