Հասարակություն 

Առաջարկում ենք՝ ՀՀ Ազգային հերոսի կոչում շնորհել Սամվել Կարապետյանին․ Հայտարարություն

analitik.am

«Պատվակա՛ն Հայեր

Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր Հայ քաղաքացու առաքելությունն ինչպես Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացման գործում իր ամենօրյա ներդրումն ունենալն է, այնպես էլ իր, իր ընտանիքի, Հայ Ազգի և հայկական ողջ բարձրավանդակի արտաքին անվտանգությունը պաշտպանելը՝ հատկապես Հայ Ազգի ոխերիմ թշնամիներից՝ հորինված Ադրբեջանից և Թուրքիայից:

Իսկ Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացման հիմքը Հայաստանում ազգային և շուկայական ազատ տնտեսություն կառուցելն է, ինչն էլ փաստում է, որ Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի արտաքին անվտանգության պաշտպանության գլխավոր երաշխավորն, իրոք, Հայոց Ազգային Բանակն է:

Ոչ մի ժողովուրդ, և ոչ մի ազգ չի կարող ունենալ հզոր ազգային բանակ, բայց թույլ տնտեսություն, և, հակառակը՝ հզոր տնտեսություն և թույլ բանակ:

Բանակը հզոր է, եթե հզոր է տնտեսությունը, իսկ տնտեսությունը հզորացնելու համար կարևոր խթան է հայրենատեր և Հայաստանաշեն անհատների գործն ու ներդրումն արժանվույնս գնահատելը, հատկապես այն հայորդիների, ովքեր նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից սկսած մինչև հիմա, ունեցել են և ունեն անուրանալի ներդրում, մասնավորապես նորանկախ Հայաստանի տնտեսության մեջ բազմահազար աշխատատեղեր ստեղծելը, սոցիալական, կրթական, առողջապահական, բնապահպանական, մշակութային, սպորտային հովանավորչական բազմահազար ծրագրեր իրականացնելը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար սոցիալական բազմահազար ծրագրեր կյանքի կոչելը, Հայկական բարձրավանդակից դուրս՝ Երկիր Մոլորակի տարբեր անկյուններում, Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելը և պաշտպանելը:

Վերոնշածս բոլոր ոլորտներում իր անգնահատելի ներդրումն է ունեցել և ունի «Տաշիր» ընկերության հիմնադիր, մեծ հայրենասեր Սամվել Սարգսի Կարապետյանը, ուստի, ես՝ որպես ազգային-պետական գործիչ, անձամբ իմ, բազմահազար «Հայոց Արծիվների» (www.hayocartsivner.am) և Հայաստանաշենությամբ մտահոգ բոլոր քաղաքացիների անունից՝ առաջարկում և դիմում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին՝ սույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի օրը, ի նշան գնահատանքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս»-ի կոչում շնորհել նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում մշտապես մեծագույն ներդրում ունեցող, Հայ Ազգի հայրենատեր զավակ, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Սարգսի Կարապետյանին»։

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

Նույն շարքից