Այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարությունը կրկին քննարկեց ծառայողական ավտոմեքենաների մասին նախագիծը (հարց համար 28), որի քննարկման ժամանակ կառավարության նախորդ նիստին բախում տեղի ունեցավ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև: Նախագիծն անցած նիստի ժամանակ հանվել էր օրակարգից:
Աղաջանյանը հայտնեց, որ նախագիծը կառավարության այսօրվա նիստ մտել է առանց փոփոխությունների՝ հավելելով, որ լրացուցիչ քննարկում է եղել և իրենք ստացել են Առողջապահության նախարարության կարծիքը:
Աղաջանյանն ապա ներկայացրեց ԱՆ-ի դիտարկումները և բացատրություններ տրամադրեց:
«Ես ճիշտ հասկացա, որ Թորոսյանի բարձրացրած հարցերը ստացել են պատասխաններ և կա համաձայնություն»,-հարցրեց վարչապետը՝ ստանալով դրական պատասխան:
Նախագիծն ընդունվեց:
Նշենք, որ Թորոսյանն այսօրվա նիստին չէր մասնակցում, քանի որ արձակուրդում է: