Հասարակություն 

Հարյուր տարվա հարսնություն` Գեղարքունիքում

analitik.am

Գեղարքունիքում, մի տանիքի տակ ապրում են հարս ու սկեսուր, այդպես է ստացվել, հարսի տղաներն ու ամուսինը մեկնել են արտագնա աշխատանքի, սկեսուրի ամուսինը վաղուց է մահացել, այնպես որ մնացել են երկուսով՝ երկուսի հարսնության տանը:

Սա այն դեպքն է, որ ոչ միասին, ոչ առանձին կարող են ապրել, ուստի զավակների բացակայությունը մոտեցրել է 73 ամյա սկեսուրին և 50-ամյա հարսին`«լեզվակռիվ չենք տա, մեկ-մեկ կվիճենք, բայց սահմանը չենք անցնի»:

Հարսը, էդ, կներեք արտահայտությանս, լրբերը չեն զիջի, բայց մենք կզիջենք, կուլ կտանք, կեսուրը ևս՝ կզիջենք: Այս հարցում 25 տարվա տարբերությամբ հարսնությունն ընդհանուր է. գուցե դա է, որ երկու հարսներին պահել է նույն տանիքի տակ:

Հարցնում եմ տղաներից և աղջիկներից, հարսն ուսուցչուհի է տարրական դասարաններում, ասում է, որ տղաները 50 տոկոսից ավելի են դասարանում, իսկ երբ մեծանում են արդեն ամուսնության հարցում խնդիր կա, աղջիկները դուրս են գնում նաև, իսկ տղաները մնում են երբեմն առանց հարսանցու, տղաները շատ են, որովհետև «էսօր ստուգելով են երեխա բերում»:

Սկեսուրն էլ հավելում է, թե ով սիրած պահեց 14 տարեկանից, կամուսնանա, արդեն պատրաստի կադր ունի, ով չէ կամ Թորիկի նման դռնեդուռ կընկնի աղջիկ ուզելու, կամ Թորիկի մոր նման ձեռքին ծաղկեփունջ: Դրա համար, որոշ տղաներ էն գլխից են ընկերուհի ճարում, որ Թորիկի օրը չընկնեն:

Պարզվում է սկեսուրին ժամանակին չեն հարցրել՝ ցանկանում ես ամուսնանալ, թե ոչ. 16 տարեկանում, հարևանի տանից իրենց տուն է եկել, տանը՝ շուխուռ, ասել են, բա գիտես քեզ ենք ամուսնացնում: Խոստովանում է, որ իր ամուսինը ևս լսել է ծնողներին և ամուսնացել՝ առանց իրեն ճանաչելու, սակայն հիմա «նման բաներ չկան, ճանաչում են, դուրս են գալիս, հետո պսակվում են, մի քիչ ջանջալ է՝ փոխարենը ճանաչում են իրար»:

Հարսն արձագանքում է, որ մինչև մեկ տանիքի տակ չապրես՝ կողակցիդ չես ճանաչի, որից հետ սկեսուրն անմիջապես համաձայնում է:

Սկեսուրը երկու տղա և երկու աղջիկ, իսկ հարսը երկու տղա ունի, կցանկանար երրորդը ևս ունենար, սակայն վախեցել է, որ տղա կծնվի՝ աղջիկ էր ցանկացել, հետո դժվար տարիներ էին, էլի «Տիգրանի մոտ են» գնացել-եկել. կարճ ասած, սահմանափակվել է երկու տղայով, սակայն փոշմանել է. երրորդ տղային էլ պետք է ունենար:

Սկեսուրն այն կարծիքին է, որ տղան իր քաղցրությունն ունի, աղջիկը՝ իր, սակայն երկուսն էլ տնից գնում են, տղան էլ, աղջիկն էլ, հատկապես աղջիկը, ով հնարավոր է այնպիսի ընտանիքում հայտնվի, որ չթողնեն ծնողներին դառնա:

«Գնում ստուգում են, եթե աղջիկ ունես, աբորտ կանես, որ տղա ունենաս, տղայա պետք: Աղջիկն ավելի ջիգյարով ա, բայց որ ամուսնանում ա, արդեն քոնը չի»,-ասաց սկեսուրը:

Հարցը հասավ թոշակներին, պարզվեց Նիկոլին է ընտրել ու սպասում է, որ թոշակները կբարձրացնի, սակայն դեռևս չի բարձրացրել, դիմեց Նիկոլին, թե ես քեզ եմ ընտրել, որ իմ թոշակը բարձրացնես, ես 39 հազար եմ ստանում, չի հերիքում:

Հարսի մասին էլ է մտածում, ուսուցիչների աշխատավարձերը ևս ցածր է, խորհուրդ տվեց Նիկոլին ուսուցիչների աշխատավարձրը ևս բարձրացնել, ոչ թե պատգամավորներին, որոնք ոչինչ չեն անում, իսկ երեխա ուսուցանելն ինքնին բարդ գործ է. «Մարդ կա մե երեխա չի կարողանում պահի, իսկ դասատուն էդքան երեխուա նայում», նաև «էդքան ներվեր ա քայքայում, մեջը բան չկա»:

Բակում հարսներով են՝ սուրճի սեղանի շուրջ են. գուցե ժամանակին, երբ հարս ու սկեսուր էին կիսելու կար, սակայն հարսներով արդեն կիսելու ոչինչ չկա՝ տունը երկու հարսինն է:

Գուցե հարս ու սկեսուր լեզու չեն գտնում տղամարդկանց պատճառով, երբ տղամարդիկ հեռանում են՝ կանայք լավ էլ լեզու են գտնում՝ հետո ի՞նչ, որ Գեղարքունիքի մարզում տղաներ ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ. սովորականից շատ:

Նշենք, որ Հայաստանում 100 աղջկա դիմաց 114 տղա է ծնվում: Սակայն դա երկրի միջին ցուցանիշն է: Որոշ մարզերում այդ ցուցանիշն ավելի բարձր է: Գեղարքունիքի մարզում 100 աղջկա դիմաց 124 տղա է ծնվում՝ դա թերևս ռեկորդային ցուցանիշ է ամբողջ աշխարհի համար:

Հիշեցնենք նաև, որ 2011 թ. Միացյալ ազգերի կազմակերպության բնակչության հարցերով հիմնադրամը հետազոտություն էր արել, որը ցույց է տվել, որ Հայաստանում 100 աղջիկների դիմաց 114 տղա է ծնվում, այլ ոչ թե 105-106, ինչպես բնությունն է նախատեսում: Սեռերի հարաբերակցության նման խախտման պատճառով, մասնագետների կարծիքով, երկրում մինչև 2050 թ. չի ծնվի մոտվորապես 90 000 աղջիկ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից