Հասարակություն 

Սևանա լճի ափին կա առնվազն 4800 ապօրինի շինություն. Նախարարը՝ դրանք քանդելու մասին

analitik.am

1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ ԽՍՀՄ-ից մնացած որոշ պոմպակայաններ, ապօրինի են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ խոսելով Սևանա լճի ափին գտնվող շինությունների մասին:

Ինչ վերաբերում է հարցին՝ քանդվելու են արդյո՞ք դրանք, նախարարն ասաց, որ քանդելու համար ֆինանսական միջոցներ են պետք. «Մենք հաշվարկել ենք ու ինֆորմացիան տվել ենք կառավարությանը: Բայց կոնկրետ մարդիկ, ովքեր հանդիսանում են այդ տարածքների սեփականատերերը, պարտավարություններ ունեն: Ապօրինի շինություն ունեցողը պետք է իր միջոցներով քանդի շինությունը: Իսկ եթե չի քանդում, պետությունն իր միջոցներով պետք է քանդի ու մտնի դատարան: Կա նման իրավիճակ»:

Գրիգորյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչու ներկա չէր խորհրդարանում երեկ Սևանի թեմայով կայացած քննարկմանը: Նա ասաց, որ իրենց դիմել են ու ասել, որ քննարկումը լինելու է հուլիսի 18-ին, ժամը 12-ին. «Մենք ասել ենք, որ կառավարության նիստ կա այդ ժամին, բայց ասել ենք, որ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը կմասնակցի: Հետո մեզ ասել են, որ օրը փոխվել է, բայց արդեն այլ միջոցառումներ կային պլանավորված»:

Նույն շարքից