Հասարակություն 

Սոված ենք, 10 ամսական երեխա ունեմ, 20 օր ա փող չեմ տանում տուն. Իջևանցիները փակուղու մեջ են

analitik.am

Իջևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հուլիսի 17-ին ցուցարարների և ոստիկանների միջև բախումից հետո բերման ենթարկված քաղաքացիների հարազատները պնդում են, որ բախումը հրահրել են հենց ոստիկանները և բերման են ենթարկել անմեղ մարդկանց: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին, բարեկամներին:

Քաղաքացիներին նաև հետաքրքրում է հարցը, թե ինչ են անելու, եթե պետությունը թույլ չի տալիս անտառից փայտ տանել:

Para tv-ի եթերում քաղաքացիներից մեկը, պատասխանելով հարցին, թե ինչ քայլերի են դիմելու, ասաց, որ ամեն ին կանի իր սոված երեխային կերակրելու համար. «Գողություն եմ անելու, երեխուս պահեմ: Սոված մարդուն ի՞նչ կարող եք անել: Սոված ենք: Քաղաքում 3 հազար մարդ պետական աշխատող է, մնացածն աշխատանքի միջոց չունեն: Ո՞նց ապրենք: Արգելում են, տուրիզմ են զարգացնում: Վարկ եմ ուզում վերցնել 50 հազար դոլար, բայց 600 հազարի զալոգ պետք ա դնեմ, ո՞նց դնեմ: Պետությունը պետք է գարանտ կանգնի ժողովրդին: 10 ամսական երեխա ունեմ, 20 օր ա փող չեմ տանում տուն: Երեխուս պամպերս չեմ կարողանում առնել»:

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե տպավորություն է ստեղծվում, որ Տավուշում բոլորն են զբաղվում ծառահատումներով, ինչն այդպես չէ. «Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որն իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց: Այսօր մենք գործ ունենք նման ցանցի հետ: Եթե ես չեմ սխալվում քրեական գործ ունենք հարուցված նաև ԱԱԾ-ում՝ հենց կազմակերպված ցանցի կողմից նման գործողություններ իրականացնելու մասին: Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից կառավարվում են այդ մարդկանց կողմից, ովքեր կրելու են պատասխանատվություն: Ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես իրավապահ համակարգի առաջ շատ հստակ խնդիր եմ դնում: Ապօրինի գործունեության հետ կոմպրոմիս չի լինելու: ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ մենք միայն պատժողական տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք»,-ասել էր նա:

Նույն շարքից