Միջազգային Քաղաքականություն 

Պենտագոնը կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի կործանիչների ծրագրում

analitik.am

ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ներ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչներից Էլեն Լորդը՝ հավելելով, որ հուլիսի 31-ից կմեկնարկի այդ ծրագրից Թուրքիային վերջնականապես դուրս թողնելու գործընթացը։

Պատճառը Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն են։

ԱՄՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ Թուրքիայի դուրս գալը ընդհանուր առմամբ մեծ վնաս չի հասցնի F-35-ների ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ 2018թ-ից սկսել էր այլընտրանքային տարբերակներ փնտրել։

Ըստ Լորդի՝ մոտ 35 թուրք օդաչու, ովքեր վերապատրաստվում էին ԱՄՆ-ում այդ ինքնաթիռներից օգտվելու համար, մինչև հուլիսի 31-ը վերադառնալու են Թուրքիա։

Նա ընդգծել է, որ ծրագրից դուրս մնալու հետևանքով Թուրքիան 9 մլրդ դոլարի կորուստ է ունենալու։ Թուրքական ընկերությունները հնարավորություն ունեին մոտ 900 մասեր արտադրել ամերիկյան կործանիչների համար, սակայն այժմ արդեն այդ գործառույթը կիրակակացնեն ամերիկյան ընկերությունները։

Էլեն Լորդը հայտարարել է, որ այս որոշումը առնչություն չունի CAATSA օրենքի շրջանակներում Թուրքիայի նկատմամբ նախատեսվող պատժամիջոների հետ :

Միաժամանակ ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ Վաշինգտոնը ակտիվ կերպով  շարունակում է բանակցել Թուրքիայի հետ՝ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի առնչությամբ։

Որոշման մասին խոսել է նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝  Դևիդ Թրահթենբերգը․

«Այս որոշումը կապված չէ ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-Թուրքիա համագործակցության հետ։ Մեր զինված ուժերի միջև հարաբերությունները ուժեղ են։ Թուրքիան կշարունակի մասնակցել Վրաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, ինչպես նաև այլ երկրներում կայանալիք զորավարժություններին», - ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ermenihaber

Նույն շարքից