Հասարակություն 

Ի՞նչ զիջումներ, ի՞նչ բանակցություններ, որևէ զիջում չի լինելու. Ոստիկանապետն Իջևանում է

analitik.am

Իջևանում հուլիսի 17-ին ցուցարարների և ոստիկանների միջև բախումից հետո քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իջևանում է գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը, խոսելով ցուցարարների հետ բախման ժամանակ դեպքի վայրի հոսանքազրկման մասին, ասաց, որ պատճառների մասին տեղեկություններ չունի:

Դիտարկմանը, որ հոսանքազրկումը կապում են ոստիկանական գործողությունների հետ, ոստիկանապետն ասաց՝ հակառակը. «Ինչքան լուսավոր լինի, այդքան ոստիկանների գործողություներն ավելի թափանցիկ կլինեն, ավելի հեշտ կլինի գործողություններ անել: Ինքներս մեզ չենք վնասի»:

Օսիպյանը պատասխանեց նաև հայտարարություններին, որ դա հնարավոր է սադրանք է եղել՝ հայտարարելով, որ ոստիկանությունը երբեք չի սադրում:

Ոստիկանապետը խոսեց նաև քաղաքացիների մարմինների վրա կապտուկների մասին. «Եթե որևէ մեկին օրինական պահանջ ենք ներկայացնում ոստիկանություն ներկայանալու համար, սակայն նա հրաժարվում է, ոստիկանությունը ստիպված է լինում բերման ենթարկել: Եթե քաղաքացին անկանոն շարժումներ է անում, կապտուկներ կարող են լինել»:

Ինչ վերաբերում է բնակչության պահանջին, որ հնարավորություն լինի անտառահատում իրականացնել, Օսիպյանն ասաց. «Ի՞նչ զիջումներ, ի՞նչ բանակցություններ, որևէ զիջում չի լինելու: Խնդիրը հստակ է դրված, մենք թույլ չենք տալու ապօրինություններ, խստագույնս պատժվելու են օրենք խախտողները: Սա քննարկման ենթական չէ, այլ տարբերակ չկա»:

Նույն շարքից