Հասարակություն 

Խորհրդակցությունն ավարտվեց. Վանեցյանն ասաց, թե ինչպես է լուծվելու Իջևանի հարցը

analitik.am

Տավուշի մարզում մարզպետի նախաձեռնած Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ խորհրդակցությունն ավարտվեց:

Խորհրդակցությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խորհրդակցությանը մասնակցել են մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները. «Ունեցել ենք շատ անկաշկանդ ու բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և այն, թե ինչպես կարող ենք դրանք լուծել»:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ Տավուշի մարզն իր անտառներով բացառիկ մարզ է, դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան՝ որպես փայտանյութ. «Տավուշի մարզի անտառները կարող են լինել զբոսաշրջության համար բացառիկ տարածքներ: Կառավարությունն արդեն նախատեսել է փոփոխություններ անտառային օրենսգրքում, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանն անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ»:

Վանեցյանը մանրամասների մեջ չմտավ՝ նշելով, որ դա տարբերակներից մեկն է. «Երկրորդ տարբերակը, որը քննարկվեց և բոլորի կողմից ընդունելի է հետևյալն է՝ որպեսզի փափուկ փայտը, որը քաղաքացիներն օգտագործում են տունը ջեռուցելու համար, հասնի իրական հասցեատերերին, առաջարկվեց, որ պետությունը կարգավորի այդ փայտը հավաքելու պրոցեսը: Այսինքն, քաղաքացիները չեն մտնելու անտառ, փափուկ փայտը հավաքելու է պետությունը, հանի անտառից դուրս ու համայնքների ղեկավարների միջոցով այն բաժանվի քաղաքացիներին»:

Կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելով՝ Վանեցյանն ասաց, որ վերջին շրջանում ԱԱԾ-ն բոլոր անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ավելի քան 10 քրեական գործ կա միայն ԱԱԾ-ի կողմից. «Այդ գործերում ներգրավված են մի շարք պաշտոնատար անձինք, ՔԿ-ում իրականացվում է քննություն»:

Վանեցյանը կոչ արեց Տավուշի բնակիչներին, որոնք հուլիսի 17-ին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, այսուհետ զերծ մնալ նման արարքներից, հարցերը լուծել համայնքների ղեկավարների հետ բանակցությունների միջոցով. «Ես համոզված եմ, որ մարզպետարանը, համայնքների ղեկավարները կգտնեն լուծումներ»:

Մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին ասաց, որ համայնքների ղեկավարները պետք է ակտիվ մասնակցություն ունենան վերոնշյալ գործընթացներին, որովհետև նրանք ավելի անմիջական ու մոտիկից գիտեն համայնքի հետ կապված հարցերը:

Նույն շարքից