Հասարակություն 

Ինձ դուր է եկել Իջևանը, դեռ այստեղ եմ. Օսիպյանը չի բացում խաղաքարտերը

analitik.am

Ոստիկանության գործողությունները բխել են օրենքից: Իջևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է սպասվում ցուցարարների և ոստիկանների միջև բախումից հետո ձերբակալվածներին, Ոստիկանապետն ասաց՝ այն, ինչ նախատեսված է օրենքով. «Կարծում եմ այս հարցին նախաքննական մարմիններն ավելի հստակ կպատասխանեն»:

Ոստիկանապետ Օսիպյանը խոսեց նաև ոստիկանական գործողությունների մասով քաղաքացիների դժգոհությունների մասին. «Մի փոքր չափազանցված են քաղաքացիների ասածները, չեմ կարծում, թե նրանց ասածներն իրականությանը համապատասխանում են: Այսօր ոստիկանությունը գործողությունները տարբերվում են նախորդ տարիների գործողություններից: Ես չեմ բացառում, որ քաղաքացիների անկանոն շարժումների ընթացքում կապտուկներ լինեն: Սակայն ոստիկանության գործողությունները չեն կարող զուգորդվել բռնությամբ, ես դա բացառում եմ:

Իջևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի:

Վիրավոր ոստիկանների թիվը հասնում է 12-ի, 6-ը դեռ հիվանդանոցում են:

Ոստիկանապետը հերքում է քաղաքացիների պնդումները, թե ոստիկաննություն է սադրել. «Նման բան չկա: Բնակիչները պայմանով էին խոսում: Պահանջում էին հանել պահակակետերը (դրանք տեղակայվել են անտառից փայտանյութ գողանալը թույլ չտալու համար): Նրանք պահանջում էին վերադարձնել մեքենաները և դրանում եղած առանց փաստաթղթի փայտը, ինչից հետո ասում էինք, որ կխոսեն ոստիկանության հետ: Անթույլատրելի եմ համարում նոր Հայաստանում ոստիկանության հետ նախապայմանով խոսելը»:

Օսիպյանը նշեց, որ քիչ առաջ ավարտված խորհրդակցությունը կառուցողական է եղել, դրական արդյունքի հասնելու համար պետք է բոլորը համախմբվեն: Ոստիկանությունն իրականացնում է կանխարգելիչ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ գործողություններ բոլոր նրանց հայտնաբերելու համար, ովքեր հուլիսի 17-ի բախման ընթացքում մարմնական վնասվածքներ են հասցրել իրավապահներին:

Օսիպյանը չի կարծում, թե ոստիկանական ուժերի ներկայությունն Իջևանում լարվածություն է առաջացնում:

Հարցին, թե ինքը դեռ մնալո՞ւ է քաղաքում, Օսիպյանն ասաց, որ իրեն դուր է եկել Իջևանը. «Դեռ այստեղ եմ»:

Նույն շարքից