Հասարակություն 

Օսիպյանը հաստատում է, որ երեկ Իջևանում հատուկջոկատայիններ են եղել

analitik.am

Քաղաքացիները ցանկանում են, որ պատժվեն այն ոստիկանները, որոնք հուլիսի 17-ին Իջևանում ցուցարարների հետ բախման ժամանակ անօրինական գործողությունների են դիմել: Այս մասին նրանք հայտարարեցին Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցի ժամանակ:

Ոստիկանապետը հորդորեց քաղաքացիներին դիմել համապատասխան մարմիններին, եթե նման բան է եղել և գործին ընթացք կտրվի:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ քաղաքացիները չեն կարող դեմքով ճանաչել ոստիկաններին, որպեսզի ասեն, թե ով է բռնություն գործադրողը եղել, քանի որ վերջիններս եղել են դիմակավորված, Ոստիկանապետը չբացառեց ոստիկանների դիմակավորված լինելը՝ նշելով, որ դեպքի վայրում եղել են նաև հատուկջոկատայիններ. «Բայց ես համամիտ չեմ, որ ոստիկանները բերման ենթարկելու ժամանակ բռնություն են գործադրել: Ուղղակի, երբ քաղաքացիները չեն ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին, լինում է քաշքշոց, այդ ժամանակ քաղաքացիները կարող են վնասվածքներ ստանալ տարբեր իրերի, առարկաների հետ կպնելու արդյունքում: Ես վստահեցնում եմ, որ ոստիկանությունը գործել են օրենքի սահմաններում»:

Օսիպյանը խնդրեց ու հորդորեց քաղաքացիներին մնալ օրենքի սահմաններում. «Մոռացեք այն երևույթը, որ տարիներ շարունակ իրականացրել եք՝ պատճառաբանելով, թե աշխատանք չկա: Հայաստանի բնությունը ոչնչացնելն անթույլատրելի եմ համարում»:

Նույն շարքից