Հասարակություն 

Գեղարքունիքի նախկին մարզպետի ՀԷԿ-երի պատճառով Ձորագյուղի խմելաջրից «շան համ ա գալիս»

analitik.am

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը ձգվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին՝ ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Մինչև 1950-60-ական թվականները գյուղը հիմնականում տարածվում էր Շողվագ և Շոռ գետերի ափերին, այժմ ընդլայնվել է դեպի հարթավայրային գոտի: Ձորագյուղն ունի 1 600 տնտեսություն, 4 650 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է:

Գյուղից տարեկան մոտ 500 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Եվ հենց արտագնա աշխատանքի պատճառով է, որ համայնքում հիմնականում գեղեցիկ երկու և երեք հարկանի տներ են, սակայն փողոցներին դեռևս ֆինանսները չեն հասել:

Պարզվեց, որ բացի անբարեկարգ փողոցներից և անբարեկարգ մուտքից, գյուղն ունի խմելու ջրի խնդիր:

«Ձորագյուղ 1» և « Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-երը կասկադային ՓՀԷԿ-եր են, որոնք կառուցվել են Ձորագյուղ համայնքից վերև`Գեղամա լեռների լանջերին: ՀԷԿ-երը շահագործում է «Սեկտոր քվանտ» ՍՊԸ-ն:

Թեև ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի մեջ նշվում է, որ մասնավորապես «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ը կառուցվել է Ձորագյուղի ոռոգման ջրատարի վրա, սակայն հետագայում ՀԷԿ-ը հայտնվել է այսպես կոչված «անանուն» վտակի վրա, որտեղից խմելու ջուր է ստանում Ձորագյուղ համայնքը:

Ի դեպ, ՓՀԷԿ-երի մասին համայնքում չեն ցանկանում խոսել, քանի որ, նրանց պնդմամբ, այն պատկանում է Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ի դեպ, «Սեկտոր քվանտ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է Գագիկ Գրիգորյանը, ով, ամենայն հավանականությամբ, Ռաֆիկ Գրիգորյանի ազգականներից է:

Նշենք նաև, որ Ռաֆիկ Գրիգորյանը հենց այս գյուղից է և բնակվում է Ձորագյուղում:

Analitik.am-ի հետ զրույցում ձորագյուղցիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ այդ ՀԷԿ-երն իսկական փորձանք են գյուղի գլխին, քանի որ կառուցված են խմելու ջրի աղբյուրների վրա և գյուղի խմելու ջուրն արդեն խմելու չի:

Նա նաև նշեց, որ համայնքի բնակիչները լավ էլ տեղյակ են, որ ՀԷԿ-երն են մեղավոր, որ խմելու ջուրը համը փոխել է, բայց «թասիբով» մարդ են և չեն ցանկանում Ռաֆիկ Գրիգորյանին նեղացնել կամ նրա դեմ խոսել, ինքը ևս չցանկացավ անուն հրապարակել:

Միաժամանակ խոստովանեց, որ ծորակի ջուր չեն խմում. այն ժամանակ առ ժամանակ գույնն է փոխում, իսկ համի մասին էլ արդեն չխոսեց՝ «ջրից շան համ ա գալիս»: Իհարկե, չեն ցանկանում իրենց համագյուղացու մասին թթու խոսք ասել, սակայն ջուրը խմել ևս չեն կարողանում. մնացել են երկու քարի արանքում:

Նշենք, որ «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ը շահագործվել է 2009 թ-ին, այն կառուցվել է համայնքի ոռոգման և խմելու համար նախատեսված աղբյուրների վրա:

Ի դեպ, ջրհավաք ավազանից հետո գետը ցամաքում է:

Ձկնանցարան ևս չի կառուցված:

ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 610կՎտ է:

ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը՝ մինչև 2024 թվականն է:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից