Հասարակություն 

Սիրիայի Մեծ Մուֆթին Հայաստանի իշխանություններին և ժողովրդին փոխանցել է սիրիական իշխանությունների երախտագիտությունն ու շնորհակալական խոսքը

analitik.am

Հուլիսի 18-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն:

Հանդիպման ընթացքում Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ-Դին Հասունը խոսեց սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են և միշտ կմնան սիրիական հասարակության անբաժանելի մասը: Ահմադ Բադր ալ-Դին Հասունն անդրադարձ կատարեց Սիրիայի մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում հայերի ունեցած մեծ ավանդին, շեշտելով այն հանգամանքը, որ Ցեղասպանությունից փրկված հայերը ոչ միայն փրկության ափ գտան Սիրիայում, այլև, որպես նշան մեծ երախտագիտության, ամբողջությամբ լծվեցին Սիրիայի շենացման և բարգավաճման գործին` բարեկամության կամուրջներ կառուցելով երկու եղբայրական երկրների` Սիրիայի և Հայաստանի միջև:

ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ Սիրիայի Մեծ Մուֆթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցեց սիրիական իշխանությունների երախտագիտությունն ու շնորհակալական խոսքը, միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե՛ առողջապահության, և թե՛ հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշեց, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ամբողջական ծավալով` Սիրիայի ժողովրդի հետ հավասարաչափ կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից մարդասիրական օգնություններ են ուղարկվել Սիրիայի բարեկամ ժողովրդին` ինչն առաջին հերթին դիտարկել է որպես բարոյական պարտքի դրսևորում:

Շնորհակալություն հայտնելով Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ-Դին Հասունին կենտրոն այցելության, ինչպես նաև բարձր գնահատականի և վստահության համար, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանն նշեց, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել համասփյուռ հայ ժողովրդի կողմից և խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի մեղմացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների տրամադրմանը:

Պատվիրակության անդամներն այցելեցին խմբի կեցավայր, շփվեցին հայ մասնագետների հետ և իրենց գոհունակությունը հայտնեցին մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչներին:

Նույն շարքից