Հայաստան Քաղաքականություն 

Մորքուրի հարսներ, քույրերի ամուսիններ, քեռորդի, ընկեր, «բաջանաղ». Ում է Արարատի մարզպետը պաշտոնների նշանակել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գա­րիկ Սարգսյանը հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Մա­մուլում բազմիցս է գրվել նրա՝ մո­րաքրոջ հարսներին պաշտոնների նշանակելու «մոլուցքի» մասին:

Այդ հարսներին մեկին՝ Լիլիթ Միրզախանյանին, թեեւ բոլորը գիտեն որպես «մարզպետի մորքուրի հարս», բայց իրականում նա մարզ­պետի տատական կողմից բարե­կամի հարս է, ով մարզպետարանի գլխավոր դերակատարն է, «ասողը» եւ փաստացի կատարում է մարզպե­տարանի աշխատակազմի ղեկավա­րի պարտականությունները, թեեւ հաստիքով մարզպետի խորհրդա­կան է, քանի որ աշխատակազմի ղե­կավարի անհրաժեշտ չափանիշներին չի համապատասխանում: Ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, Միրզախանյանին ենթարկվում է անգամ երիտասարդ մարզպետը եւ առանց նրա որեւէ կարեւոր որո­շում չի կայացնում:

Մի խոսքով, «մորքուրի հարսը» մարզպետա­րանի «դեմքն» է եւ ունի մի շարք արտոնություններ, ասենք՝ աշխա­տանքային օրերին կարող է մեկ շա­բաթով գնալ Դիլիջան՝ «Դիլիջան Ռեզորթում» հանգստանալու, այնտե­ղից մտնել համացանց եւ նկարներ հրապարակել իր ընտանեկան երջա­նիկ պահերից ու այդ օրերի համար նույնպես աշխատավարձ ստանալ, դեռ մի բան էլ՝ պարգեւավճար:

Գարիկ Սարգսյանը ջանք էր թա­փում նաեւ մյուս մորաքրոջ հարսին՝ Աստղիկ Հարությունյանին Ավշարի դպրոցի փոխտնօրեն նշանակելու համար, բայց դպրոցի կոլեկտիվի եւ գյուղացիների աննահանջ պայքա­րի պատճառով մարզպետի ու իր մորաքրոջ հարսի ցանկությունը չի­րականացավ, դեռ մի բան էլ ավե­լի՝ պաշտոնից ազատման դիմում գրեց նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը:

Բայց փոխարենը մարզպետը յուղոտ պաշտոնների է նշանա­կում իր մյուս մերձավորներին: Նրա մոսկվաբնակ քրոջ ամուսի­նը՝ 32-ամյա Սահակ Առաթելյանը, Մոսկվայում թողել է իր հաջողված բիզնեսը՝ քարի երկու արտադրա­մաս, ավտոտեխսպասարկման կե­տը, եւ տեղափոխվել Հայաստան ու Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում նշանակվել որպես Վեդու ՋՕԸ-ի տնօրեն: Ըստ օդում կախված լուրերի, այդ գործի համար ի շնորհակալություն՝ Գարիկին «Պրադո» մակնիշի սեւ ջիփ է նվիրել: Խոսքն այն ավտոմեքենայի մասին է, որով նա Ամանորին շրջում էր մարզում եւ լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, թե դա իր մեքենան չէ, այլ քրոջ ամուսնունը:

Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես եղավ, որ երիտասարդ գործարարը Մոսկվայից եկավ եւ հաղթեց տնօրենի հաստիքի համար մրցույթում, Սահակ Առաքելյանը պատասխանել էր, թե տեսել է, որ թափուր հաստիք կա, եկել է ու հայրենասիրական մղումներով մասնակցել մրցույթին, որպեսզի գա ու ծառայի ժողովրդին:

Մյուս քրոջ ամուսինը՝ Կարապետ Հարությունյանը, Գարիկի ջանքերով նշանակվել է Արարատի մարզային ՃՈ պետ: Երիտասարդ մարզպետն աչքաթող չի արել նաեւ իր «բաջանաղին»՝ Արտավազդ Նազարեթյանին, ով մարզպետի կնոջ հորեղբոր փեսան է: Նա նշանակվել է փոխմարզպետ: Մարզպետի քեռորդին՝ Գեւորգ Մանուկյանը, նույնպես տեղավորվել է մարզպետարանում՝ մարզպետի օգնականն է: Իսկ մյուս օգնականը՝ Տիգրան Շիրինյանը, Գ. Սարգսյանի ընկերն է:

Մարզում գնալով մեծանում է դժգոհության ալիքը երիտասարդ մարզպետի գործունեությունից: Մարդիկ դժգոհում են, թե տարբեր խնդիրներով մտնում են նրա մոտ, բայց նա ոչ մի կոնկրետ բան չի պատասխանում, կարծես չգիտի, թե իր անելիքը որն է: Զրուցակիցնե­րիցս մեկն ասում է. «Հարց ենք տալիս, չգիտի ինչ ասի, զանգում է՝ Լիլիթից է բան իմանում, խնդրի լուծում ենք պահանջում՝ անզոր է: Միայն մի բան է իր մոտ լավ ստացվում. մարդկանց, գյուղապե­տերին, տարբեր պաշտոնյաների, վարչության պետերի, հիվանդա­նոցների տնօրենների առաջարկում է, թե ձեր դիմումի համաձայն դուրս եկեք աշխատանքից»:

 

  • 64
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    66
    Shares

Նույն շարքից