Հասարակություն 

Եղել է դեպք, որ Ֆեյսբուքում հայհոյող կինը եղել է «լավ տղու կին», ով իմանալով այդ մասին, ծեծել է վերջինիս

analitik.am

Հայաստանում 2 ամիս առաջ ամեն երրորդ կինը, ով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, հայհոյանք էր գրում: Այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով ֆեյսբուքյան իրական էջերի մասին:

Սամսոնյանի խոսքերով, ըստ հայհոյանքի ձևի, հնարավոր է հասկանալ, թե որտեղ է ապրում տվյալ կինը. Եթե օրինակ նա ապրում է ռուսական միջավայրում հայհոյում է կիսառուսերեն. «Երբեմն կարելի էր հասկանալ, թե ինչ է հայհոյում այդ կնոջ ամուսինն իրենց տանը, որովհետև այդ մարդիկ շատ կոնկրետ դա ասում էին»:

Սամսոնյանն ասաց՝ ընթացքում պարզել են, որ հայհոյանք գրողներից ոմանք կոնկրետ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ. «Այսօր ֆեյսբուքում ամեն 5-րդ կնոջ էջն է հայհոյանք գրում, ինչը տեղի ունեցավ այդ կանանց էջերը հրապարակելուց հետո: Եղել են դեպքեր, որ զանգել ու ասել են, որ հայհոյող կինը լավ տղու կնիկ ա: Երբ տղամարդն իմացել է այդ մասին նույնիսկ ծեծել է կնոջը նման բան անելու համար»:

Հրապարակած էջերի 90 տոկոսը հայհոյանք չի գրում, 10 տոկոսը շարունակել է հայհոյել՝ նշելով, թե լավ է արել:

Սամսոնյանն ասաց, որ հայհոյում են նաև կանայք, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին:

Սամսոնյանի խոսքերով, տղամարդկանց դեպքում եղել են միջադեպեր, երբ իրական կյանքում նրանց ճիշտ ուղու վրա են դրել, իսկ կանանց դեպքում իրենք գտել են ձևը, ուղղակի հրապարակում են լուսանկարները, ինչի արդյունքում վերջիններիս ամուսինները, երեխաներն իմանում են այդ մասին:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին դատապարտեց հայհոյանքը՝ անկախ նրանից, թե ում են հայհոյում: Նա կարծում է, որ պետք է շարունակել հրապարակել այդ կանանց էջերը, ինչը կօգնի ետ պահել նրանց այդ քայլից:

Սամսոնյանը հավելեց, որ այսօր ամենաշատ հայհոյող ու բռնություն քարոզողներից են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, նրանց ցուցակները ևս հրապարակելու են:

Նույն շարքից