Հասարակություն 

Եթե կա հստակ քաղաքական կամք, կա նախաձեռնություն՝ յուրաքանչյուր խնդիր լուծելի է. պատգամավոր Ն. Մկրտչյան

analitik.am

Հուլիսի սկզբին Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան համայնքներում անցկացված «Փառատոնը սահմանին» խորագիրը կրող միջոցառումը նպատակ ուներ ճանաչելի դարձնել այս համայնքները, ակտիվացնել վերջիններիս՝ հեռավորության պատճառով անտեսված մշակութային, սոցիալական, տնտեսական  կյանքը, նաև՝ հնագույն մայրաքաղաքները դարձնել զբոսաշրջության վայր:

Որքանո՞վ էր արդյունավետ փառատոնը, ի՞նչ կտա այն անտեսված, սոցիալական խնդիրներով ծանրաբեռնված այս գյուղերի բնակիչներին, Analitik.am-ի հետ զրույցում մանրամասնեց  փառատոնի նախաձեռնող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Ամենակարևոր հաջողությունը, որ արձանագրվեց, գյուղացիների մոտ հաղթահարվեց անտեսված լինելու զգացողությունը, ինչը արդարացված էր, քանի որ տարիներ շարունակ պաշտոնյաները սահմանամերձ համայնքներ չեն գնացել, անհաղորդ են մնացել մարդկանց հոգսերին, խնդիրներին»,- ասաց Մկրտչյանը:

Պատգամավորի խոսքով՝ միջոցառումը սահմանին մի քանի նպատակ ուներ: Նախ՝ մշակութային կյանքը կենտրոնից սահմանամերձ համայնք տեղափոխելն է: Հիանալի բնապատկերը, Արաքս և Ախուրյան գետերի ջրկիցը, հնագույն մայրաքաղաքների պատմական անցյալը կարող են զբոսաշրջիկներին գրավել: Սակայն մինչ զբոսաշրջություն զարգացնելը մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրներ կան. «Բագարան համայնքում խմելու ջրի խնդիր կա: Ցավոք, այս տարի չստացվեց, սակայն հուսով եմ, որ մյուս տարի այդ խնդիրը կլուծվի», - վստահեցրեց ԱԺ պատգամավորը:

Առաջնային լուծում է պահանջում համայնքները Երևանի և մյուս շրջանների հետ կապող տրանսպորտի առկայությունը, ինչպես նաև ճանապարհների բարեկարգումը, ինչը, ըստ Մկրտչյանի, համայնքների լոկալ զարգացման համար ամենակարևոր նախապայմաններից է:

Անկախությունից հետո առաջին անգամ ՀՀ կառավարության ջանքերով կառուցվելու է Երվանդաշատ-Բագարան տանող ներհամայնքային ճանապարհը. «Տարածքային կառավարման նախարար Պապիկյանը տեղացիներին վստահեցրեց՝ եթե ոչ այս տարի աշնանը, ապա մյուս տարի գարնանը հաստատ կվերանորոգվի, ինչն էլ, բնականաբար, կնպաստի, որ այդ համայնքներում կյանքն ավելի ակտիվանա»,- ասաց Մկրտչյանը:

Ի դեպ, պատգամավոր Մկրտչյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ՝ վերջերս «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ, առանց պետական աջակցության, ի թիվս մարզի 20 համայնքների, շուրջ 1 կմ հատված էլ ասֆալտապատվել է նաև Երվանդաշատ համայնքում: Երվանդաշատում,  Մկրտչյանի խոսքով,  վերջին անգամ ասֆալտապատում 1973-ին էր իրականացվել…

Analitik.am-ի դիտարկմանը, թե փառատոնը նաև նպատակ ուներ ներգրավելու գործարարների, և հարցին՝ արդյո՞ք մասնակցեցին վերջիններս և ի՞նչ նախաձեռնություններ կան,  պատգամավորը պատասխանեց, որ մասնակցել են տարբեր բիզնես կազմակերպություններ, մասնավորապես՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներ. «Նրանցից շատերն առաջին անգամ էին այդ համայնքներում: Տպավորվել էին հատկապես բնապատկերով, որը կարծես տրամադրում է ինչ-որ բան անելու: Բայց, ինչպես ասացի, նախևառաջ ենթակառուցվածք է պետք. չկա ճանապարհ, գազ, ջուր…»,- փաստեց Մկրտչյանը և վստահեցրեց, որ նախարարի, մարզպետների, գործարարների ներկայությունը սահմանային այս համայնքներում անցկացված առաջին նման մասշտաբային միջոցառմանը անհետևանք չի մնա:

«Պարզապես 30 տարում կուտակված խնդիրների լուծումը մեկ տարում ակնկալելը հեռատեսական չէ, բայց եթե կա հստակ քաղաքական կամք, եթե կա նախաձեռնություն, կա ցանկություն, յուրաքանչյուր խնդիր լուծելի է»,- վստահեցրեց ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

 

Ռուզաննա  Ղազարյան

 

Նույն շարքից