Հասարակություն 

«Սիրելի Սերժ, մենք խճճվել ենք, քարկապ ենք ընկել, Ձեր կարիքն ունենք»

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Նախկին հանցավոր ռեժիմի տարիներին Դուք պայքարում էիք Հայաստանի անտառների համար: Հիմա իրավիճակը հետևյալն է. Նոր Հայաստանում անտառները վտանգի տակ են: Քանի որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան ԱՄՆ-ն և եվրոպական երկրները(դա ես չեմ ասում, Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության իշխանությունն է ասում), ապա Իջևանի ժողովուրդը որոշել է, որ իրենք են՝ իրենց անտառը, ինչ ուզեն՝ կանեն: Իսկ ծագումով իջևանցի ժողովրդի վարչապետը և ծագումով իջևանցի ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարը դեմ են Իջևանի ժողովրդի որոշմանն ու մի լավ քոթակել են Իջևանում ապրող Հայաստանի ազատ, անկախ, հպարտ և իհարկե՝ դուխով քաղաքացիներին:

Սիրելի Սերժ, մենք խճճվել ենք, քարկապ ենք ընկել: Որպես Նոր Հայաստանի գլխավոր կերտողներից մեկը, որպես ակտիվ հեղափոխական՝ հիմա մենք Ձեր կարիքն ունենք: Խնդրում ենք՝ կյանքի կոչեք ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Եվ, հաշվի առնելով Իջևանում ստեղծված աղետալի իրավիճակը՝ խիստ ցանկալի և օգտակար կլինի, որ բնակարանը գնեք հենց Իջևանում՝ ժողովրդի վարչապետի հայրական տան թաղամասում, ծանոթանաք բնակիչների սոցիալական խնդիրների հետ, անտառի ու բնության խնդիրների հետ: Հավատացեք, Ձեր հեղինակավոր խոսքը և հեղափոխական վարքագիծը հիմա Հայաստանում պահանջված են առավել, քան երբևէ: Քայլ արեք, եկեք Իջևան ու սովորացրեք իջևանցիներին տիրապետել անտառը չկտրելու և սովամահ չլինելու նուրբ արվեստին:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից