Հասարակություն 

Մեր բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալ բանակը, իսկ դրա համար մեր հասարակությունը պետք է լինի ամենաինտելեկտուալը․ Փաշինյան

analitik.am

Զինվորական գործը, ծառայությունը, մասնագիտությունն ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Այս մասին ՊՆ ուսումնական զորամասում, դիմելով կուրսանտներին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա շատ հաճախ չի նկատվում:

Փաշինյանի խոսքերով, բանակում և հատկապես ուսումնական զորմասերում, զինվորները ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում են նոր հմտություններ. «Դրանք, մեծ հաշվով ամբողջ կյանքում կարող են ուղեկցել ձեզ՝ անկախ նրանից, թե ինչով կզբաղվեք»:

Վարչապետը կարևորեց այն, որ զինվորը զորացրվելուց հետո պետք է լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչ զորակոչվելը. «Կոչ եմ անում զինվորներին բաց չթողնել հնարավորությունը: Սա մեծ շանս է սովորելու, թե ինչ է մարտավարությունը, ռազմավարությունը, ինչը միայն զինվորական կյանքում չի կիրառվում: Մեր ամբողջ կյանքն է կառուցված մարտավարական ու ռազմավարական որոշումներ կայացնելուց: Դա է թույլ տալիս իրավիճակը գնահատել և որոշումներ կայացնել: Ձեր ձեռք բերած հմտությունները պետք են գալու ձեզ ամբողջ կյանքում: Իսկ մեր՝ կառավարության խնդիրներն է տալ ձեզ այդ հմտությունները»:

Վարչապետ Փաշինյանի խոսքերով, հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հմտությունը. «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ մեջ կա հաղթողի տաղանդը, որը պետք է բացահայտվի ԶՈւ-ի օգնությամբ: Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Դրա համար մեր բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալ բանակը, իսկ դրա համար մեր հասարակությունը, մեր պետությունը պետք է լինեն ամենաինտելեկտուալը»:

Նույն շարքից