Հասարակություն 

Իշխանությունը ուղղորդում է լուծարել իմ ղեկավարած կենտրոնը․ Վահագն Վարագյան

analitik.am

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախագահն առաջարկեց, որպեսզի միանգամից դրվի նաև ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը թերևս անօրինական էր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը՝ նշելով, որ հետագայում հարցը երեք ասպեկտով դրվեց քննարկման և չընդունվեց․ «Երբ քվեարկությունը տեղի չունեցավ, հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նամակ ուղարկեց և ընդամենը 10 րոպե անց պատասխան նամակ ստացավ, որից հետո առաջարկեց նորից անդրադառնալ ուսանողների հետ տարվող աշխատանքների կետրոնի խնդրին։ Ես այստեղ տեսնում եմ իշխանությունների կողմից հստակ ուղորդում, որպեսզի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարվի»։

Վերջին ամիսների ընթացքում անընդհատ խոսվում է կենտրոնի լուծարման մասին: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ԵՊՀ-ում ուսանողների հետ տարվող աշխատանքների գործառույթն ուզում են հանձնել «Սորոսի» հիմնադրամին:

Վարագյանը նշեց, որ հաջորդ նիստին ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հարցը քվեարկության է դրվել հարցման կարգով, որը նույնպես անօրինական է․ «Ստացվում է այնպես, որ հոգաբարձուների խորհրդի այս նիստով փորձում են այնպես անել, որ կենտրոնն անօրինական ձևով լուծարվի»։

Կենտրոնի տնօրենը չի կիսում ներկայիս իշխանությունների կարծիքը և իրենց կառավարման մեթոդները․ «Ես գտնում եմ, որ այս հարցն այսքան շրջանառության մեջ դնելով՝ փորձում են իմ քաղաքական հայացքների համար ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը՝ ազատվել այլակարծությունից, ինձանից, որպես Երևանի պետական համալսարանի աշխատակցից՝ չնայած այն բանի, որ աշխատանքային հարաբերությունների մեջ իմ քաղաքական դիրքորոշումն աշխատանքային պարտականաությունների հետ չեմ խառնել»։

Վարագյանն ընդգծեց, որ ներկա պահին իշխանությունների կողմից՝ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ոտնահարվում է ԵՊՀ կանոնադրությունը․ «Երևանի պետական համալսարանում կառուցվածքային ստորաբաժանումների, քննարկման, լուծարման, վերամիավորման հարցերն, ըստ կանոնադրության, պետք է քննարկվեն գիտական խորհրդում, այնուհետև ռեկտորը պետք է դա ներկայացնի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։ Այսինքն, այստեղ կա երկու ֆունկցիա՝ գիտական խորհրդի որոշում և հոգաբարձուների խորհրդի որոշման ներկայացումը ռեկտորի կողմից»։

Բանախոսը հայտնեց, որ հիմա հարցը քննարկվում է հոգաբարձուների խորհրդում, որն օրակարգ է մտցրել հենց հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչի իրավունքը չուներ․ «Նա իրավունք չուներ օրակարգ մտցնել կառուցվածքային ստորաբաժանումների լուծարման մասին հարց՝ առանց գիտական խորհրդի որոշման։ Նա նաև հիմնավորում տեղեկանք է տվել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործունեության մասին, սակայն այդ հիմնավորումները խեղաթյուրված են»։

Վարագյանը նշեց նաև, որ հոգաբարձուների խորհրդի նիստ է անցկացվում առանց օրակարգի հաստատման․ «Ցանակացած մարդ, ով ունի շատ քիչ իրավական գիտելիքներ, կարող է փաստել, որ ցանկացած նիստի սկզբում օրակարգն է հաստատվում, այնուհետև անցնում են օրակարգային հարցերի, իսկ այս պարագայում, առանց օրակարգը հաստատելու, արագ փորձում են գործել և այս հարցը մտցնել օրակարգ՝ կենտրոնից ազատվելու համար»։

Նույն շարքից