Հասարակություն 

Կապանի թարմ մսի տաղավարներում վիճակը բարվոք է

analitik.am

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շարունակում է շրջայցերը հանրապետության մարզեր, ինչը հատկապես միտված է ծանոթանալ բոլոր մարզերում թարմ մսի վաճառակետերում առկա խնդիրներին:

Հերթական այցը Սյունիքի մարզ էր: Կապան քաղաքի շուկայում և հարակից տարածքում արված շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Թարմ մսի խանութները թե անհրաժեշտ պայմաններով ու սարքավորումներով հագեցվածության (հոսող տաք ու սառը ջրի առկայություն, սառնարաններ և այլն), թե սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման իմաստով գտնվում էին առավել բարվոք վիճակում: Թարմ մսին ուղեկցող փաստաթղթերը ևս առկա էին: Սեփական աշխատանքին և օրենսդրական պահանջներին այսպիսի մոտեցումը դրական գնահատելով հանդերձ՝ Գեորգի Ավետիսյանը տնտեսվարողներին նախազգուշացրել է, որ այսպիսի պատահական այցերը լինելու են հաճախ, – «Իհարկե, համեմատած Գյումրիի շուկայի հետ, այստեղ վիճակը շատ ավելի բարվոք է: Սակայն շտկելու շատ բան կա և ես ակնկալում եմ որ դրանք էլ կլուծվեն»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:

Կապանի կենտրոնական շուկան գտնվում էր անմխիթար վիճակում:

Սյունիքի մարզպետը պարզաբանել է, որ այն սեփականաշնորհված է և այժմ աշխատանքներ են տարվում սեփականատիրոջ հետ շուկայի վերանորոգման համար ներդրումներ անելու և այն գործարկելու ուղղությամբ:

Շրջայցից հետո մարզպետարանում առավել ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ կողմերը վերահաստատեցին ակտիվ համագործակցելու և սննդամթերքի անվտանգության բնագավառում առավելագույն արդյունքը ապահովելու իրենց պատրաստակամությունը:

Գեորգի Ավետիսյանը այցելել է նաև Կապանում գործող երկու թռչնաբուծական տնտեսություն՝ «Արգրո Բիո Պրոդուկտ» և «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերություններ, ծանոթացել թռչնի պահման, մորթի կազմակերպման պայմաններին, վերամշակման, փաթեթավորման, պահպանման արտադրամասերին, կերի պահեստներում ու թռչնաբուծարանի տարածքում առկա սանիտարահիգիենիկ վիճակին, եղել համակցված կերի պատրաստման արտադրամասերում:

Նույն շարքից