Հասարակություն 

Այսօր շատ բարդ է Առողջապահության նախարարի հետ հանդիպելը. Գևորգ Գրիգորյան

analitik.am

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» (ՀԱԱԽ) կոալիցիայի առողջապահական ոլորտի առաջնահերթ խնդիրների բարձրաձայնման նպատակով կազմակերպված քննարկմանը մասնակցում են քաղաքական և արտաքաղաքական ուժեր՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ:

Առաջնահերթ նպատակը առողջ բնակչություն ունենալն է, իսկ դրա համար անհրաժեշտ է առողջապահության ոլորտը զարգացնել,- ասաց ՀԱԱԽ նախագահ Գևորգ Գրիգորյանը:

Մինչ քննարկման մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանն ասաց, որ այս ձևաչափով քննարկում առաջին անգամ է անցկացվում, երբ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների, մասնագետների հետ կլոր սեղանի շուրջ են նստում քաղաքական ու հասարակական գործիչներ:

«Ցանկացած գումար, որ ծախսվում է առողջապահության ոլորտում, պետք է կոչված լինի ոչ միայն այսօրվա օրհասական խնդրի լուծման համար, լուծի ինչ-որ մի սոցիալական խմբի բուժօգնության հարցը, այլ պետք է նպաստի առողջապահության համակարգի զարգացմանը: Այսինքն՝ մենք այսօր կերտում ենք ապագայի առողջապահություն, ինչին ձգտում են բոլորը՝ թե՛ բնակիչները, թե՛ քաղաքական գործիչները»,- իր խոսքում շեշտեց Գրիգորյանը:

Analitik.am-ի այն հարցին, թե համագործակցություն կա՞ Առողջապահության նախարարության հետ, Գրիգորյանը պատասխանեց, որ, ավաղ, այսօր չեն համագործակցում Առողջապահության նախարարության հետ և դրա մեղավորությունն իրենցը չի, սակայն իրենց դիտարկումներով, հետազոտությունների տվյալներով միշտ կիսվում են Առողջապահության նախարարության հետ: ՀԱԱԽ նախագահի խոսքով՝ շատ բարդ է այսօր և՛ Առողջապահության նախարարի հետ հանդիպելը, և՛ կառավարության հետ համագործակցելը:

«Լինելով սակավաթիվ բնակչությամբ փոքր երկիր՝ մենք այլընտրանք չունենք, քան համերաշխության բազայի հիման վրա փորձենք կերտել մեր ապագայի ծրագրերը: ցանկանում եմ, որ ներկայիս մոտեցումները փոխվեն և մարտահրավերները լինեն ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի համար, այլ՝ բոլորիս, որպեսզի մեր բարձրաձայնած խնդիրները ևս լսելի դառնան», - ասաց Գևորգ Գրիգորյանը:

Նույն շարքից