Քաղաքականություն 

Որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում․ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում:

Մենք միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչեւ 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից եւ աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա:

Մենք արտոնյալ վարկավորման տասնյակ ծրագրեր ենք իրականացնում, մենք ասում ենք, որ ոչ մի սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից, մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները:

Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եւ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:

Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին:

Եւ ի դեպ, մրցունակ կրթություն ստացած մարդը լավ է ապրում Հայաստանում եւ ավելի լավ պետք է ապրի: Քաջալերենք մեր երեխաներին մրցունակ կրթության, ինքնազարգացման, ինքնաքննադատության եւ ստեղծագործականության: Լավ ապրելու պարզ բանաձեւ»։

Նույն շարքից