Հասարակություն Մշակույթ 

Լուսանկարչությունը շրջեց աշխարհը. առաջին անգամ Երևանում բացվել է լուսանկարչության թանգարան

analitik.am

Մեր երկիրը հարուստ է արվեստի և մշակույթի զանազան կենտրոններով, հաստատություններով: Սակայն որքան էլ զարմանալի է, առ այսօր չունեինք լուսանկարչական արվեստի թանգարան:

Լուսանկարչության վարպետ Անդրանիկ Քոչարի որդու՝ արվեստագետ Վահան Քոչարի շնորհիվ այսօր Երևանում բացվեց լուսանկարչական արվեստի թանգարան: Երկար տարիներ է Վահան Քոչարը անպտուղ խոստումների սպասել, զուր զանազան պետական ատյանների դռներ թակել: Ի վերջո Քոչարը սեփական միջոցներով Ավետ Ավետիսյան 19 հասցեում գտնվող իր առանձնատանը հիմնեց Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչական թանգարանը։

Հայ լուսանկարչության բավականին հարուստ պատմության մասին են վկայում Ադրանիկ,   ապա՝ Վահան Քոչարների տարիների ընթացքում ձեռք բերած և այսօր արդեն հանրայնացրած լուսանկարչական հավաքածուն:

Աշխարհում շատ են նշանավոր հայ լուսանկարիչները: Նրանցից Աբդուլլահ եղբայրները արդեն 1858-ին՝ լուսանկարչության գյուտից կարճ ժամանակ անց, աշխարհում ճանաչված էին և Պոլսում լուսանկարչատուն ունեին:

Հայազգի Անթուան խան Սևրուգինը, Բրյուսելի 1897-ի միջազգային ցուցահանդեսում ստացել է իր առաջին ոսկե մեդալը, իսկ երկրորդը 1900-ինՙ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում: Իր գործունեության բարձր արժանիքների համար պարսկական Նասր էդդին Շահը` Անթուան Սևրուգինին «խան» տիտղոսի հետ մեկտեղ «Առյուծի և արևի» թագավորական ադամանդակուռ (Շիրուխորշիդ) շքանշանով է պարգևատրել, որոնք պատկերված են լուսանկարչի կնիքի վրա:

Օրինակները շատ են:

Լուսանկարչական մեծ վարպետության, գեղագիտական նրբազգացության և նրբաճաշակության, նաև մարդկային բարձր որակների շնորհիվ հայազգի լուսանկարիչները դարձել են արքաների, պետության նախագահների անձնական լուսանկարիչները:

«Քչերին է հայտնի, որ ամերիկացի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը՝  Հեմինգուեյի ամենահայտնի լուսանկարի հեղինակը, հայազգի Հովսեփ Քարշյանն է…. Կամ, մեկ այլ օրինակ, Անգլիայի ամենահայտնի կին լուսանկարչուհին՝ Իդա Քարը, նույն ինքը Աիդա Քարամյան հայուհին է»,- պատմում է Վահան Քոչարը:

Վահան Քոչարի հավաքագրական աշխատանքը՝ «Հայ Լուսանկարիչներ» վերնագրով,  2007 թ. հրատարակվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ, դառնալով հանրության սեփականությունը:

«Այսօր մեր մայրաքաղաքում «Լուսանկարչության թանգարան» հիմնելով, աշխարհով մեկ ցրված արժեքները մեկտեղելով, պահպանելով՝ մեր հարուստ մշակույթի այս ճյուղը ևս հասանելի կդառնա ոչ միայն մեր հանրությանը, այլև՝ հյուրերին»,- ասում է հայ լուսանկարիչների ասոցիացիայի անդամ Արմեն Ենգոյանը, ով հույս հայտնեց, որ այսուհետ հայ լուսանկարիչները իրենց աշխատանքները ցուցադրելու, թեմատիկ ցուցահանդեսներ կազմակերպելու մշտական տեղ կունենան:

 

Ռուզաննա Ղազարյան  

Նույն շարքից