Հասարակություն 

Ասորակա՞ն, թե՞ հայկական. Դիմիտրով համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու մասին

analitik.am

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ Իրինա Սագրադովա-Գասպարյանի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում բարձրացված հարցերին սպառիչ պատասխան տալու համար այժմ ուսումնասիրվում են պատմական փաստերն ու եկեղեցու մասին վկայությունները:

Մեծ ցավով ենք արձանագրում, որ նման հարցը ներկայացվում է երկու դարավոր ու համատեղ պատմություն ունեցող ազգերի՝ հայերի ու ասորիների՝ գոյություն չունեցող խնդիրների համատեքստում: Թե՛ Դիմիտրովի, թե՛ Հայաստանի այլ վայրերում ապրող ասորիները մշտապես հոգատարության ու ուշադրության ներքո են եղել:

Մինչ վերջնական պատասխանը հրապարակելը տեղեկացում ենք, որ Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու մուտքերից մեկի բարավորի վերևում առկա են հայերեն երկու արձանագրություններ, դրանից մեկում ասվում է, որ եկեղեցին վերակառուցվել է 1911թ.: Վերակառուցումը կատարել է Հովագիմ Տեր Վարդանյանը:

Երկրորդ արձանագրության վրա հստակ կարդացվում է, որ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1868թ.: Այս արձանագրության տեքստի ամբողջական վերծանումն այժմ կատարում են մասնագետները:

Տ. Միքայել քահանա Նուրիջանյանն արդեն 7 տարի այցելում է Դիմիտրով համայնք և այս տարիների ընթացքում համայնքի անդամների ու բարերարների միջոցներով փորձում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցին նորոգել ու փրկել փլուզումից: Փոխվել են եկեղեցու դռները, պատուհանները, կառուցվել է Խորանի Սուրբ Սեղանը:

Եկեղեցու պատերին այժմ կախված են Ուղղափառ եկեղեցու սրբապատկերներ, որոնք տարիներ առաջ գյուղի մեկ այլ՝ Ուղղափառ եկեղեցու վերանորոգման ժամանակ եկեղեցին են բերել համայնքի անդամները: Տեր Միքայելը մեկ արկղում խնամքով հավաքել ու պահում է մի շարք այլ սրբապատկերներ, խաչեր, ծիսական առարկաներ ու թագեր: Եկեղեցու մաքրման ժամանակ տեր հայրը ստիպված է եղել հանել այնպիսի ժամանակի մեջ խունացած, գունաթափված թղթե պաստառներ, որոնք եկեղեցու հետ որևէ կապ չեն ունեցել, սակայն ինչ-որ անհասկանալի պատճառներով տարբեր մարդիկ բերել ու թողել են եկեղեցում՝ դագաղների վրայի խաչեր, Ջոկոնդայի շուրջ 400 հատ պաստառներ, A4 չափի անորակ թղթի վրա տպագրված սրբապատկերներ, որոնց ետևի մասում եղել են մերկ մարդկանց նկարներ:

Նույն շարքից