Հասարակություն 

Արարատի մարզում արագիլների մասսայական անկման դեպքի կապակցությամբ ստուգվում են տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերը

analitik.am

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասարակությունն ահազանգում է Արարատի մարզի Հովտաշեն գյուղում արագիլների անկման մասին, որի պատճառը թռչունների փետուրների յուղով պատված լինելն է, ինչի հետևանքով թռչունները չեն կարողացել թռչել և սատկել են:
Արարատի մարզի Հովտաշեն համայնքից Տեսչական մարմնի աշխատակիցները յուղոտված փետուրներով մեկ արագիլ են տեղափոխել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ: Պարզվել է, որ առանձնյակն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով: Այս մասին իր էջում հայտնել է Լյուբա Բալյանը՝ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ից:

«Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով, ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ»,- գրել է նա:
Պարզվել է նաև, որ Հովտաշեն գյուղում արագիլների գրեթե 70%-ը գտնվում էր նույն վիճակում:

Այս իրավիճակը կարելի է որակել որպես էկոլոգիական աղետ: Անհրաժեշտ է շտապ հայտնաբերել, թե որ ձեռնարկությունից է տեղի ունեցել նման արտահոսք և կանչել քրեական պատասխանատվության:

Ներկայում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ է իրականացրել՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք տեսչության ֆեյսբուքյան էջից, ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Այս մասին հայտնում է ԷկոԼուր-ը: 

 

Նույն շարքից