Քաղաքականություն 

Փաշինյանը վստահ չէ, որ ՍԴ-ն այն որոշումը կընդունի, որը ձեռնտու է իրեն. Քոչարյան

analitik.am

Ներքաղաքական գործընթացներում Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր տիրապետության տակ վերցնել իշխանության երկու ճյուղերը՝ օրենսդիրն ու դատականը, իսկ այժմ ճակատամարտն ընթանում է իշխանության երրորդ՝ դատական ճյուղին տիրելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար ընթացող պայքարը հիմնականում պայմանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությամբ: Փաշինյանը և նրա շրջապատը վստահ չեն, որ Սահմանադրական դատարանը այն որոշումը կընդունի, որը ձեռնտու է Փաշինյանին և դրա համար փորձում են բոլոր ոչ օրինական ձևերով Սահմանադրական դատարանն իրենց տակ վերցնել»,- իր դիտարկումներով կիսվեց մեդիա փորձագետը:

Քոչարյանի խոսքով, ամենայն հավանականությամբ փորձ կարվի նաև նախագահի պաշտոնը և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը փաշինյանական թևի տակ առնելու, քանի որ «այդ կառույցները ղեկավարում են ոչ իրենց մարդիկ»:

Փորձագետի դիտարկմամբ, Փաշինյանի խորհրդատուներն արդեն այնքան էլ լավ չեն պատկերացնում հնարավոր զարգացումները: Այդ մասին է վկայում Վենետիկի հանձնաժողովի արձագանքը, որն իշխանություններին ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Հավանական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ մարտի մեկի հիմնավորման փաստերի թույլ լինելու հետ կապված իր հարցերը տա իշխանությանը. «Ամեն գնով Քոչարյանին նստած տեսնելը անձնական վրեժխնդրության է նման: Այդ մասին են վկայում դատավորի աշխատասենյակ ներխուժելը, դատարաններ շրջափակելը»,-ասաց Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքով, ներկա պահին վարչապետի վարկանիշն իջնում է. «Սակայն եթե այս պահին կրկին ընտրություններ լինեն, Փաշինյանը դարձյալ 60-65% ձայն կհավաքի, քանի որ քաղաքական դաշտում ընդդիմությունը դեռևս ալտերնատիվ տարբերակ չի առաջարկում»:

Փորձագետը խոսեց նաև «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում առկա հակասությունների ու առաջացած խմբավորումների մասին:

Նույն շարքից